Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդները անափ խորությամբ հայացք ունեն, նրանք այլ աչքերով են նայում կյանքին ու աշխարհին, որովհետև այնտեղ՝ մարտի դաշտում ռմբակոծությունների, պայթյունների մահացու տեղատարափի ներքո զինակիցների վիրավորվելու, մահվան ահասարսուռ դեպքերը նրանց ստիպում են արժևորել ամեն բացվող օրը, որը իրենց ծառայակիցներից շատերին վիճակված չէր ապրել...
Դեսանտագրոհային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արման Զաքարյանը Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ է։ Նրա կանաչ աչքերի խորքում մի քանի օրերի ընթացքում ապրած մի ողջ կյանք է ամփոփված՝ լի հուսահատության, հպարտության, վախի, սարսափի, կորստի ցավի, չգնահատված լինելու դառը զգացողությամբ։ Նա բախվել է հակառակորդի հետ մի քանի մետր հեռավորությամբ, նայել մահվան աչքերին և հրաշքով միայն կենդանի մնացել, նա վերջիններից մեկն է դուրս եկել Շուշիի մատույցներից՝ որպես խիզախ ու անկոտրում կամքի տեր հրամանատար իր դասակի զինվորներին անվնաս դուրս բերելով շրջափակումից։
- Պարոն ավագ լեյտենանտ, ԱԹՍ-ների, նորագույն տեխնիկայի և ծանր հրետանու լայնամասշտաբ կիրառմամբ այս պատերազմում ինչպե՞ս էր հնարավոր առանց կորստի դասակը պահել։
-Երբ մտածում էի, որ զինվորներիս մի բան պատահի, ինչպես եմ դա հայտնելու նրանց ծնողներին, ակամա անում էի ամեն բան, որ նրանց գլխից մի մազ չպակասի։ Երբ պատերազմը սկսվեց, մենք դիրքերում էինք՝ հյուսիսում, իմ դասակի զինվորների հետ մեր դիրքն էինք պահում։ Առաջին օրը հրետակոծեցին հրետանու կրակով։ Մենք Մռավ սարի մոտ էինք, քերծերի արանքում։ Այնուհետ հարձակվեցին, մեր խնդիրը շատ լավ կատարեցինք, մի թիզ հող չենք զիջել։ Ոչ մի զոհ չենք տվել, ես վերահսկում էի, որ զինվորներս խմբերով չքայլեն, ուղարկում էի նրանց մեկական, որպեսզի անօդաչու սարքը չխփի։ Երբ մի զինվորը որոշակի տարածություն հատում էր, նոր մյուսին էի ուղարկում, էականը պետք է կուտակում չառաջացնես։ Հնարավոր եղավ մարտական պատրաստվածության և ստեղծված իրավիճակում ճիշտ մոտեցում ցուցաբերելով։ Շատ բարդ առաջադրանքներ իրագործելիս զինվորներիս չէի ընդգրկում, համագործակցում էի հատուկ նշանակության զորքերի սպաների հետ, որպեսզի զինվորները իրենց անփորձության պատճառով չզոհվեին։
-Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք Շուշիի մատույցներում։
-Նոյեմբերի 5-ին հրաման ստացանք հատուկ նշանակության երկու խումբ մեկնել Շուշի խնդիր կատարելու։ Մենք դիրքավորվել էինք Շուշիի մատույցներում, մարտ էինք վարում՝ խոչընդոտելով Քարին տակից բարձրացող ճանապարհի անցուդարձը։ Թշնամու զորքը մեծաքանակ էր, մի քանի տասնյակ նռնակներ նետելով՝ ահռելի կորուստ պատճառեցինք, սակայն կարճ ժամանակ անց նրանք կրկին համալրվեցին։ Մենք հայտնվեցինք թշնամու՝ ժամ առ ժամ բազմապատկվող զորքի կողմից շրջափակման մեջ և զգացինք պատերազմի համակած իրական սարսափները, զրկանքները։ Մենք ստիպված էինք գիշերել բաց երկնքի տակ, քնել ոտքի վրա, հետախույզի հազարերորդ զգայարաններով որսալ վտանգը և անհավանական ջանքեր գործադրել ողջ մնալու համար։ Երբ փորձում էի ծառայակիցներիս հանել շրջափակումից, թփերի տակ նստած կապ էի հաստատում հրամանատարիս հետ, ինձ մոտեցավ մի վիրավոր կամավոր և ջուր խնդրեց, ես պատասխանեցի, որ երեք օր ինքս էլ ջուր չեմ խմել, ջուր չկա։ Քիչ անց թփերից այն կողմ լսում եմ հայերեն խոսակցություն, մեկն ասում է. «Ջուր կխմե՞ս», մյուսը պատասխանում է. «Հա կխմեմ, տուր խմեմ»։ Մեր վիրավոր կամավորը ոգևորությամբ կանչում է. «Տղե՜րք, հայ ե՞ք, ջուր ունե՞ք խմելու»։ Նրան պատասխանում են. «Հա, հայ ենք, արի ջուր տանք խմելու»։ Եվ այդ պահին հետախույզի հոտառությամբ առաջնորդվելով՝ ես կրակ բացեցի, այդպիսով փրկելով ծառայակիցներիս կյանքը։ Երբ մոտեցա զոհերին, նրանք հայկական համազգեստով էին, բացեցի համազգեստի կոճակները և տեսա տակից հագած ադրբեջանական համազգեստը...
-Ասում են՝ պատերազմի դաշտում յուրաքանչյուր զինվոր բազմաթիվ պատահականությունների շնորհիվ է ողջ մնում։ Շուշիի մատույցներում՝ կյանքի ու մահվան սահմանագծին, առկախված անորոշության մեջ հավատո՞ւմ էիք պատահականություններին, թե՞ մտածում էիք...
-Մարտի դաշտում հրամանատարը մահվան մասին մտածելու շատ ժամանակ չի ունենում, երբ նկատում է իրեն նայող տասնութամյա զինվորների՝ փրկության հույսով լի հայացքները։ Բայց ես Շուշիից զանգահարեցի Մարտակերտի դիրքերում գտնվող հորս և ասացի.«Հաջող պապ, իմացիր, որ ես չեմ փախել, իմ դասակը մինչև վերջին օրը կանգնած է ամենաթեժ կետերից մեկում»։ Մարտերն այնքան թեժ էին ընթանում, այդ պահին մտածում էի, որ զոհվելու եմ... Ուզում էի՝ հայրս վերջին անգամ ձայնս լսի...
-Ձեր պարագայում ևս մասնագիտության ընտրության հարցում դեր խաղաց ձեր հայրիկի՝ զինվորական լինելու հանգամանքը։
-Հավանաբար այո, հայրս՝ պահեստազորի մայոր Մանուկ Զաքարյանը, Արցախն ազատագրողներից է և ողջ կյանքը նվիրել է զինվորական ծառայությանը։ Հիմա թոշակառու է, սակայն երբ լսեց պատերազմի մասին, անվարան մեկնեց Արցախ, քանի որ և՛ ես էի Արցախում որպես դեսանտագրոհային դասակի հրամանատար, և՛ եղբայրս՝ կրտսեր սերժանտ Արմեն Զաքարյանը որպես երկտարեցի զինվոր, հրետանավոր։
-Այսինքն ձեր մայրը մարտի դաշտում երեք մարտիկներ ուներ...
-Մայրս համարձակ կին է, ես մայրիկիս եմ նման (ժպտում է)... Միակ բանը, որ մայրս մեզ խնդրում էր.«Միայն թե ամեն օր զանգեք, երեքիդ ձայնն էլ ամեն օր լսեմ»։ Բայց ինքներդ եք հասկանում, որ պատերազմի ամենաթեժ կետերից ամեն օր զանգելն իրատեսական չէր։
-Շուշիի մատույցներից վերջիններից մեկը դուք եք դուրս եկել... Ի՞նչ կպատմեք մեզ, ի՞նչ էր կատարվում այնտեղ։
-Գետնին ընկած ռացիան կապ տվեց, ես մոտեցա վերցրեցի, պատասխանեցի, բարձրագույն հրամկազմից էր, հարցրեցին՝ ով է, ասացի՝ Արմանը, ասացին՝ ո՞վ կա էդտեղ, ինչո՞ւ եք դուք պատասխանում, ասացի՝ էստեղ ինձանից կոչումով բարձր էլ ոչ ոք չկա։ Ինձ ասացին չնահանջեք հանկարծ, հիմա օգնություն կուղարկենք։ Եկան տանկեր, ոչնչացրեցին հակառակորդի մեծաթիվ ուժեր։ Սակայն րոպեներ անց ես նկատեցի առանց նահանջի հրամանի նահանջող մեծաթիվ հայ կամավորների։ Դա ցավալի էր ինձ համար։ Մենք Հաթերքից, Քարվաճառից ոչ մի մետր հող չենք տվել, որովհետև պաշտպանական մարտերը այնտեղ շատ լավ էին կազմակերպված, ոչ մի հայ չփախավ այնտեղից, ինչպես Շուշիից։ Հազարավոր կամավորներ հրաժարվում էին բարձրանալ Շուշի, ավտոմատները դեն էին նետում և նահանջում՝ ասելով՝ էնտեղ մսաղաց է, մի՛ գնացեք...
-Նայում եմ պատերազմի անխոս վկայի՝ ձեր մետաղյա սաղավարտի ( կասկա) վրա փամփուշտների և արկերի բեկորների թողած հետքերին և ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս ողջ մնացիք։
-Սա իմ կասկան է, Շուշիում թշնամու դիպուկահարը մի քանի միլիմետր վրիպեց... Ականջիս մոտ զգացի փամփուշտը և ընկա գետնին։ Փակ աչքերով մտածում էի՝ մի՞թե զոհվեցի, ու մի քանի րոպե տարօրինակ պատկերներ էին աչքիս առաջ մինչև լսեցի զինվորներիս ձայնը.«Կամանդի՜ր, կամանդի՜ր...»։ Ու մտածեցի. «Չէ, էն աշխարհում հաստատ ոչ ոք ինձ կամանդիր չէր կանչի, ուրեմն դեռ չեմ մեռել»։ Ջուր ցանեցին դեմքիս, աչքերս բացեցի ու տեսա զինվորներիս։ Աստված էի կանչում՝ նրանց ողջ հանեմ Շուշիից։ Ինձ օգնության հասած վաշտին չհաջողվեց ճեղքել հակառակորդի մեծաքանակ ուժերի պաշտպանությունը։ Ստիպված էի ինքս հանել իմ զորքը շրջափակումից։ Ուսումնառության տարիներին ձեռք բերած գիտելիքների, հետախույզին բնորոշ հմտությունների շնորհիվ կարողացա դա անել, սակայն երբ վերհիշում եմ այդ ճանապարհը, վերծանում այդ ամենը, ուզում եմ ասել՝ միայն Աստծուն է հայտնի՝ ինչպես դուրս բերեցի իմ դասակը շրջափակումից, առանց կորստի, երբ չգիտեի անգամ Շուշիից Ստեփանակերտ տանող ճանապարհը... Տեղ հասնելով, սակայն, ոչ ոք մեզ չդիմավորեց, ոչ ոք ձեռքս չսեղմեց ու չասաց՝ ապրես։ Ոչ մի խրախուսանքի չարժանացան այն տղաները, ովքեր արեցին ամեն բան այս պատերազմում հաղթանակ կերտելու, սակայն ցավոք մենք փոքրաթիվ էինք...
Բոլոր ժամանակներում պատերազմի իրական հերոսները ստվերում են մնացել, նրանք որ համեստ են ու քչախոս, երբեք պետական որևէ բարձրագույն պարգևի կամ կոչման չեն ներկայացվել։ Նրանք, որ երբեք լեգենդներ չեն պատմում իրենց սխրանքների մասին, մարտի դաշտում իրական սխրանք կռողն են՝ պարկեշտ, ազնիվ, անդավաճան հայրենասեր...
Փառք ու պատիվ նրանց բոլորին...
Վարդինե Իսահակյան