կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-20 20:58
Հասարակություն

Հաճախ փողոցն ավելի շատ է մասնակցում դպրոցի կառավարմանը, քան` տնօրենը. ԿԳ նախարար

Հաճախ փողոցն ավելի շատ է մասնակցում դպրոցի կառավարմանը, քան` տնօրենը. ԿԳ նախարար

Այսօր ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այցելեց Արարատի մարզ, որտեղ հանդիպեց մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը:

Լևոն Մկրտչյանն իր խոսքում նշեց, որ կրթական ոլորտը բավականին լուրջ  փոփոխությունների շեմին է, որոնք միտված են` 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելուն:

«Կրթությունը գործիք է` տվյալ տեսակի շարունակականությունը պահպանելու համար, և մենք մեր կրթական համակարգի շնորհիվ էլ` պարտավոր ենք ապահովել այդ շարունակականությունը: Բացի այդ` կրթությունը երեք կարևոր բաղադրիչ ունի` գիտելիք, հմտություն և դաստիարակություն: Ցավոք, մենք դպրոցներում աշակերտին ոչ թե գիտելիք, այլ ինֆորմացիա ենք տալիս, ինչի համար էլ փոփոխություններ պետք է արվեն»,-ասաց նախարարը:

Նա անդրադարձավ նաև ուսուցիչների` նվազագույն աշխատավարձի շեմ սահմանելուն` նշելով, որ նման կերպ փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների ուսուցիչների վարձատրման խնդիրը կլուծվի: Ինչպես նաև, ըստ ՄԿրտչյանի, ուսուցիչների տարակարգերի գումարը պետք է ավելացնել, իսկ տարակարգից տարակարգ անցումը` հեշտացնել ու արագացնել.«Պետք է այնպես անել, որ լավ ուսուցիչը կարողանա ավելի արագ անցնի տարակարգերով, քանի որ լինում են դեպքեր, որ մինչև ուսուցիչը հասնում է վերջին տարակարգին, արդեն նրա` թոշակի գնալու ժամանակնէ  լինում: Բացի այդ` մոտիվացիան դառնում է ուղղակի փառասիրություն, թե` տեսեք` ես ունեմ այս տարակարգը, որը կենցաղում, ցավոք, ոչ մի առավելություն իրեն չի տալիս»:

ԿԳ նախարարն անդրադարձավ նաև դպրոցներում տնօրենների ընտրությանը` նշելով, որ շատերը, դառնալով տնօրեն, դպրոցն այլևս իրենց սեփականությունն են համարում: Նման տնօրենները, Մկրտչյանի պնդմամբ, հետագայում շատ ցավոտ են տանում, երբ նրանց ասում են, որ իրենց հարսը կամ աղջիկը չի կարող նույն դպրոցում իրենից հետո տնօրեն դառնալ:

Նախարարը ևս մեկ խնդրի անդրադարձավ` դպրոցների խորհուրդների գործունեությանը` նշելով, որ դրանք հաճախ ոչ թե օգնում, այլ խանգարում են դպրոցի բնականոն գործունեությանը.«Հաճախ խորհուրդները համայնքների ղեկավարների, թաղերի ներկայացուցիչների կողմից են ղեկավարվում, և փողոցն ավելի շատ մասնակցություն է ունենում դպրոցի կառավարման գործում, քան` տնօրենը: Խնդիրն այն է, որ դպրոցի հետ կապ չունեցող մարդիկ փորձում են կառավարել դպրոցը, ինչի համար էլ խորհուրդների ընտրման, կազմի հարցում փոփոխություններ կլինեն»: