կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-02 18:57
Հասարակություն

Ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը. ԿԳ նախարար

Ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը. ԿԳ նախարար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի այս ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությանը: Նախարարը համալսարանի լավագույն շրջանավարտներին հանձնել է  գերազանցության դիպլոմները:

Արայիկ  Հարությունյանը, ողջունելով մանկավարժականի շրջանավարտներին` շեշտել է, որ նրանք ընտրել են ամենապատասխանատու մասնագիտությունը. «Դուք Հայաստանի Հանրապետության կրթության դեսպաններն եք  կրթական հաստատություններում: Հավատացեք, որ ձեր գործունեությունը  շատ ավելի կարևոր է, քան կարող եք պատկերացնել,-դիմելով շրջանավարտներին նշել է նախարարը և շարունակել,- Շատերը կարող են տարօրինակ համարել, բայց ես կարծում եմ, ուսուցչի և դպրոցի գործունեությունն ավելի կարևոր է, քան կառավարության գործունեությունը, որովետև ուսուցիչն ամեն օր, ամեն ժամ շփվում է հարյուր հազարավոր քաղաքացիների և աշակերտների հետ:

Ուսուցչի  աշխատանքով է պայմանավորված, թե ինչպիսին կլինի նոր Հայաստանը. դպրոցից դուրս կգա  ազատ, անկախ, թե՞ կաղապարված քաղաքացի, քննադատող, վերլուծող, թե՞ անգիր անող աշակերտ: Սա նոր Հայաստանի ամենակարևոր խնդիրն է և այս իմաստով, ուսուցչի մասնագիտությունն իսկապես ամենակարևորն է»:

Նախարարը մտահոգիչ է համարել, որ կրթության որակի  վերաբերյալ  դժգոհություններն  և քննադատությունները շատ են: Նա վստահեցրել է, որ կրթության որակի բարելավման ուղղությամբ մեծ աշխատանք կա անելու և այս համատեքստում պետք է դրական առաջընթաց արձանագրվի նաև մանկավարժական  համալսարանի որակի  ցուցանիշներում: «Մենք համատեղ ուժերով պետք է բարձրացնենք ուսուցչի և մանկավարժական համալսարանի վարկանիշը՝ կրթության մակարդակի, ինչպես նաև ուսուցչի հեղինակության վերականգնումն  առանց չափազանցության ազգային անվտանգության խնդիր են»,- շեշտել է նախարարը և հավելել, որ այս ճանապարհին բոլոր համալսարանները և հատկապես մանկավարժները  մեծ անելիք ունեն:

Միջոցառման ընթացքում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ուսանողները հանդես են եկել գեղարվեստական   կատարումներով: