կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-19 21:56
Հասարակություն

365 երեխաներ մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ

365 երեխաներ մեկնել են մարզաառողջարանային ճամբարներ

Երևանաբնակ զոհված և հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ 365 երեխաներ, ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներ: 
Ձևավորված բարի ավանդույթի համաձայն, մայրաքաղաքի վարչական շրջաններից յուրաքանչյուրը հենց տեղերից է կազմակերպել երեխաների հանգստի մեկնումը՝ ապահովելով հարմարավետ ավտոբուսներով նրանց փոխադրումը: Առավոտյան երեխաներին ճանապարհելու էին եկել նաև Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, վարչական շրջանների ղեկավարները, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը:
Պատասխանատուները նշել են, որ մարզաառողջարանային 5 ճամբարները, որտեղ երեք հերթափոխով իրենց հանգիստը կանցկացնեն երեխաները, ապահովված են ամառային հանգստի լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով:

Նաև վստահեցրել են, որ տեղերում երեխաները գտնվելու են մշտական հոգածության և ուշադրության ներքո: Մինչ երեխաների մեկնելը նրանց բաժանվել են նաև մարզական գույք ու մարզահագուստ:
Առաջին հերթափոխի ճամբարականները կվերադառնան հուլիսի 9-ին: Ի դեպ, ինչպես մեկնման, այնպես էլ վերադարձի ժամանակ, երեխաների անվտանգ փոխադրման նպատակով, բոլոր ավտոբուսների ուղեկցումը կապահովի Ճանապարհային ոստիկանությունը: 

Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն ճամբարներ՝ ծանոթանալու իրենց հանգիստն անցկացնող երեխաների առօրյային: