կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-17 17:13
Հասարակություն

Արցախում վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է

Արցախում վիրավորված երկու զինծառայողների վիճակը կայուն ծանր է

Հայտնել ենք, որ երեկ Արցախում հակառակորդի իրականացրած գործողությունների հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել , որոնց այսօր տեղափոխել են Երևան:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հավհաննիսյանը հայտնեց, որ զինծառայողներից մեկն այս պահին գտնվում է Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, իսկ մյուսին տեղափոխել են Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն: Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` երկու զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ ժամը 18:05-ի սահմաններում հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Հակառակորդի իրականացրած հիշյալ գործողությունների արդյունքում երկու զինծառայող էլ վիրավորում է ստացել:

Այսօր առավոտյան էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետևանքով ժամը 09.40-ի սահմաններում մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը: Արցախի պաշտպանության նախարարությունը հավաստիացնում է, որ միջազգային համապատասխան կազմակերպությունների անհասցե հայտարարություններից ոգևորված հակառակորդի դարանակալ գործողությունների պատասխանը լինելու է թիրախային և անհամարժեք: