կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-29 14:42
Հասարակություն

Oպտիմալացումը լուծում չէ. ելքեր փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների համար

Oպտիմալացումը լուծում չէ. ելքեր փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների համար

Հայաստանի դպրոցների զգալի մասում աշակերտների թիվը 100-ից պակաս է: Նման դպրոցներում ինչպե՞ս իրականացնել կրթությունը, որ երեխան չտուժի, այսինքն` կրթական որակ ապահովել: Այսօր խնդիրը լուծելու համար ԿԳՆ-ի  և «Մանկավարժական նախաձեռնություններ հայկական ասոցիացիայի» միջև ստորագրվեց համագործակցության  հուշագիր: Ըստ այդմ` կողմերը կիրականացնեն ՀՀ-ում ուսուցման կոլեկտիվ եղանակի կայացման ու տարածման գործընթացը:

ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը նշեց, որ հուշագրի միջոցով փորձելու են ասոցիացիայի` հանրակրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող ծրագրերը դարձնել հանրային սեփականության առարկա:

Ըստ նրա` Հայաստանում կա փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում որակյալ կրթություն կազմակերպելու խնդիր, քանի որ երեխաները մեղավոր չեն, որ մի դպրոցում են սովորում, որտեղ ընդամենը 12 աշակերտ կա:

«Մենք պետք է հասկանանք, թե եղած պայմաններով ինչպես կարող ենք կրթության որակ ապահովել: Օրինակ` «Բյուրակն» կրթահամալիրի փորձը շատ հետաքրքիր է մեզ համար` թե՛ կիրառելիության իմաստով, թե՛ այն առումով, որ նույն ձևով կիրառելի է դառնում, երբ աշակերտն ընտրում է իր մասնագիտությունը: Բացի այդ` կրթահամալիրի արձանագրած արդյունքները բավականին հուսադրող են, իսկ արդյունքի խորքում դրված է մեթոդ, որը կարողացել է ադապտացվել ոչ միայն մեր երկրում, այլևս ՌԴ-ում և նախկին ԱՊՀ երկրներում: Այնտեղ գիտակրթական փորձարկումների մեջ առաջացել են ձևավորված համակարգեր, որոնք յուրաքանչյուրն իր տեղում արժեք է արտադրում` բավականին լավ որակով: Ճիշտ է, այդ արժեքների մի մասը միայն իրենցն է` բացի «Բյուրակն»-ից ոչ մի տեղ չի լինի այն ներդնել, քանի որ դրա համար հարկավոր է անցյալ, ուսուցիչների հատուկ պատրաստվածություն, բայց կան մեթոդներ, որոնք կարելի է կիրառել այլ դպրոցներում»,- ասաց Մկրտչյանը:

Նա նշեց նաև, որ ունենք երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարաններ, և որակի տեսակետից  որևէ քննություն չեն անում, որովհետև չեն կարողացել մեթոդաբանորեն ճշտել` մի քանի սերնդի երեխա մի տեղում ինչպե՞ս պետք է աշխատեն: Մկրտչյանի համոզմամբ` նման դպրոցների համար պետք է ուսումնական մի կարգ լինի, բայց, մյուս կողմից, կարող է այդ կարգով ավելի վնասեն իրականացվող կրթության որակին, դրա համար էլ ուսումնական ընթացքը կազմակերպելը թողել են դպրոցների հայեցողությանը: «Մենք չենք կարողանում այդ կարգին մոտենալ, որովհետև կարգի հետևում չկա մեթոդաբանություն: Իսկ այն, ինչ ձևավորվել է «Մանկավարժական նախաձեռնություններ հայկական ասոցիացիա»-ի դպրոցների ցանցում, ապագա երկկոմպլեկտ, եռակոմպլեկտ դասարանների կրթության ձևաչափերի մեջ սկսում է տրամաբանություն և գիտություն դնել: Ամեն դեպքում մենք պարտավոր ենք բնակավայրերում կրթություն տրամադրել, մեխանիկական օպտիմիզացիան լուծում չէ»,- նշեց նախարարը:

Ասոցիացիայի նախագահ Արա Իսպիրյանն էլ նշեց, որ իրենց կազմակերպությունը 1991-ից է գործում և նպատակ ունի ՀՀ-ում նպաստել նոր կրթական իրողության կայացմանը, այսինքն` նորարարական նախաձեռնություններով հանդես գալ, որը որոշակի խնդիրներ կլուծի կրթական ոլորտում: «Ուսուցման կոլեկտիվ եղանակի գաղափարախոսության հիմքում ընկած են ընդհանուր ճակատի բացակայության և յուրաքանչյուր երեխայի համար անհատական ուսումնական ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Մենք ունենք բազմահամակազմ դասարաններ, որտեղ տարբեր դասարանների ներկայացուցիչներ հավաքված են մեկ լսարանում:  Աշակերտներն ուսումնասիրում են տարբեր ուսումնական նյութեր, իսկ ուսումնասիրության հնարավորությունը հենց մեր նորարարական նյութերն են տալիս»,- ասաց Իսպիրյանը:

«Բյուրակն» կրթահամալիրի ուսուցչուհի Անահիտ Պապոյանը ներկայացրեց կրթահամալիրի փորձը, որն էականորեն տարբերվում է հանրակրթական դպրոցներում իրականացվող ուսումնական պլանից: Ըստ նրա` կրթահամալիրում չունեն զանգ կամ առարկայի համար սահմանված ժամանակ, այսինքն` առավոտյան 8-ից մինչև 16:00-ն աշխատանքային ժամ է, որի ընթացքում աշակերտը կարող է իր ուսումնական «խնդիրները» լուծել: «Մեզ մոտ յուրաքանչյուր աշակերտի կրթական անհատական մոտեցում ենք ցուցաբերում և, հաշվի առնելով աշակերտի ունակությունները, անհատական ուսումնական պլան մշակում: Բնականաբար, մի շարք աշակերտների ուսումնական պլանները համընկնում են, և առարկայական խումբ է ձևավորվում, այսինքն` մեզ մոտ նույն դասարանում միևնույն տարիքի երեխաներ չեն սովորում, այլ` միևնույն ունակության: Միայն 9-րդ և 12-րդ դասարանում է, որ աշակերտների համար հատուկ խումբ է ձևավորվում` քննություններին պատրաստվելու համար, մյուս բոլոր դեպքերում` նրանք այս կամ այն առարկայական խմբում կարող են լինել թե՛ իրենցից տարիքով ավելի փոքր, թե՛ ավելի մեծերի կողքին»,- ասաց Պապոյանը:

Լևոն Մկրտչյանն էլ քննարկման վերջում նշեց, որ առաջարկներն ու փորձը դեռ կուսումնասիրվեն` հասկանալու համար, թե ինչը կարող են ներդնել հանրակրթական դպրոցներում, իսկ ինչը չի գործի: