կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-21 15:55
Հասարակություն

Հեռահար կրթությունն անհրաժեշտություն է, հատկապես` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում. ԿԳ նախարար

Հեռահար կրթությունն անհրաժեշտություն է, հատկապես` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում. ԿԳ նախարար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարության` հոկտեմբերի 13-ի նիստում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին հանձնարարել էր գյուղական դպրոցների զարգացման հայեցակարգի շրջանակում ապահովել շաբաթական առնվազն մեկ դպրոցի հետ հեռահաղորդակցային կապի իրականացումը՝ մշակելով տվյալ դպրոցի հետ համապատասխան ուսուցողական ծրագրի կիրառման մեխանիզմներ: Այսօր «Այբ» դպրոցի «Ֆիզիկա» և «Քիմիա» առարկաների ուսուցիչները հեռահար դասընթաց իրականացրին Կապանի Լեռնաձոր գյուղի, Սևանի թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ:

Yerkir.am-ի հետ զրույցում «Այբ»-ի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը նշեց, որ սա ընդամենը փորձ է` հասկանալու, թե որոնք են հեռահար ուսուցման լավ ու վատ կողմերը, ինչպես նաև ճշտել` ի՞նչն է լավ ստացվում, ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնել: «Մեր հանրապետությունում հեռահար կրթությունը դեռ կայացած չէ, սակայն այն շատ ակտուալ է, քանի որ պետք է կարողանանք կրթությունը հասանելի դարձնել մարզերում: Ֆիզիկապես դժվար կլինի ամեն անգամ գնալ և տեղում դասավանդել, ինչպես նաև ֆինանսապես է ավելի ծախսատար, իսկ հեռահար ուսուցման միջոցով կկարողանանք լրացնել բոլոր բացերը և ապահովել հավասար կրթություն բոլոր երեխաների համար»,- ասաց Կուրղինյանը:

ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն էլ նշեց, որ կառավարության նոր ծրագրում հստակ դրված է գյուղական դպրոցների հետ աշխատանքի ինտենսիվացման հիմնախնդիրը, դա նախ փոքրաթիվ աշակերտություն ունեցող դպրոցներում E- teaching, E-learning-ի մուտքն է:

«Բացի այդ` կար նաև վարչապետի հանձնարարականը, թե մեր ունեցած բազան` 2002-2003-ից, ինչքանով է ունակ էլեկտրոնային դասընթացն անցկացնելու համար: Մենք հիմա պետք է փորձենք մի քանի շաբաթ կրկնվող գործընթացների միջոցով հասկանալ` ինչ խնդիրներ են առաջանում հեռահար կրթության ժամանակ: Մենք ունենք երկու ճանապարհ` կա'մ պարզապես միակողմանի հաղորդակցություն, այսինքն` նյութերը կարող ենք տեղադրել, ուսուցիչներին վերապատրաստել և դասընթացներն ուսուցիչների միջոցով անել, կա'մ կարողանանք ուղիղ դասեր անցկացնել երեխաների հետ` հարց ու պատասխանի միջոցով»,- ասաց նախարարը:

Նա նշեց նաև, որ մեկ փորձնական դասն էլ բավարար էր` հասկանալու, որ դպրոցները տեխնիկական վերազինման կարիք ունեն, քանի որ այն տեխնիկան, համակարգիչները, որ կան դպրոցներում, բավականին հնացած են: Մկրտչյանի հավաստմամբ` մի քանի անգամ ևս դասընթացը կրկնելուց հետո կկարողանան այն կազմակերպելու ձևաչափը գտնել:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կլուծի հեռահար կրթության ներդրումը, Մկրտչյանը պատասխանեց, որ այն, առաջին հերթին, փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների խնդիրը կլուծի, քանի որ այդ երեխաները պետք է կարողանան ստանալ նույն գիտելիքը, ինչ Երևանի դպրոցում սովորող երեխաները: «Այս իմաստով` կրթությունն այլընտրանք չունի: Մենք պետք է հասկանանք` ինչ ծախսեր է պահանջում այն, ինչ ձևաչափով պետք է իրականացնենք, և հույս ունեմ, որ մի քանի ամսվա ընթացքում կկարողանանք հասնել դրան»,- ասաց Մկրտչյանը: