կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-10 13:10
Հասարակություն

Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

Երևանցի 46 շնորհալի աշակերտներ մեկնել են Բուխարեստ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբար են մեկնել ուսումնական, ինչպես նաև մշակույթի և սպորտի բնագավառներում գերազանց առաջադիմություն ցուցաբերած` երևանցի 46 աշակերտներ։ Երեխաներին Բուխարեստ ճանապարհելիս Երևանի քաղաքապետարանում նրանց հյուրընկալել և բարի ճանապարհ են մաղթել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը և հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը. այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


Յոթնօրյա ճամբարի ընթացքում հայաստանցի աշակերտները ռումինացի հասակակիցների հետ մշակութային, մարզական և այլ  մրցաշարերի են մասնակցելու։ 


«Ընտրել ենք շնորհալի երեխաների, ովքեր գերազանց հաղորդակցվում են անգլերենով և կարող են օտար երկրում պատվով ներկայացնել հայկական մշակույթը, ազգային արժեքները։ Երևանցի աշակերտները Բուխարեստ են մեկնում ինչպես հանգստի, այնպես էլ հատուկ պատրաստված մշակութային ծրագրով, որպեսզի ճամբարը երկուստեք ուսուցողական լինի՝ հայ և ռումինացի հասակակիցները միմյանց հաղորդակից դարձնեն իրենց երկրների մշակույթներին»,- նշել է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը։


Երևանցի աշակերտներն իրենց հետ տարել են Հայաստանը և Արցախը խորհրդանշող հուշանվերներ։


Երևան-Բուխարեստ ճամբարի օրերին երևանցի աշակերտները հանգստի են մեկնելու նաև Ռումինիայի մեկ այլ՝ Կոստինեշտի ծովափնյա քաղաք։


Երևան-Բուխարեստ աշակերտական ճամբարի անցկացման համաձայնությունը ձեռք էր բերվել Երևանի և Բուխարեստի քաղաքապետերի հանդիպման ժամանակ և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական հոգածությամբ։