կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 12:39
Քաղաքական

Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ. Հակոբ Բեգլարյան

Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ. Հակոբ Բեգլարյան

Յուրաքանչյուր պետական հիմնարկի, նախարարության հիմնական գործառույթների 80 տոկոսից ավելին գնումներ են: «Դուք գիտեք` ես գնումների գործակալությունում եմ աշխատել, յուրաքանչյուր ոլորտի հետ կարող եմ խոսել»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը, ով նախկինում պետական գնումների գործակալության պետն էր:

Հարցին, թե այդ դեպքում ինքն ԱԺ ամբիոնից կբարձրաձայնի՞ կոռուպցիոն խնդիրների մասին, նա պատասխանեց. «Ես միայն իմ գլխի տերը չեմ, ես ֆրակցիայի անդամ եմ: Բոլոր հարցերը կքննարկենք: Անպայման առաջ եմ քաշելու յուրաքանչյուր հարց, որը անհանգստացնում է մեր երկրի բնակիչներին»:

Ճշտող հարցին` եթե ֆրակցիան չցանկանա, ապա ինքը կլռի կոռուպցիոն երևույթների մասին, Բեգլարյանն արձագանքեց. «Ոչ, բոլոր նեգատիվ երևույթների մասին բոլորս իրար հետ պետք է խոսենք»:

Պատգամավորը հրաժարվեց խոսել իր նախընտրական շտաբում տեղի ունեցած իրադարձությունների մասին: Հարցին, եթե դա ընտրակաշառք չէր, ապա աշխատավա՞րձ էր, պատասխանեց. «Ոչ»:

Հիշեցնենք, խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի խումբ անձինք խորընդոտել էին լրագրողների մուտքին Բեգլարյանի նախընտրական շտաբ, իսկ երբ լրագրողները ցուցակ և գումար էին հայտնաբերել, շտաբի աշխատակիցներն ասել էին, որ դա աշխատավարձի ցուցակ է: