Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի ճանապարհները պատերազմական գոտի են հիշեցնում՝ վթարներ, զոհեր ու վիրավորներ: Ով ինչպես ցանկանում, վարում է: Ճանապարհների կահավորման խնդիր, ասֆալտապատման որակ, անկարգապահ վարորդներ, երբեմն նույնքան անկարգապահ ու օրինազանց հետիոտներ: Իսկ ճանապարհային ոստիկանությունը, կարծես, «արձակուրդ է գնացել»: Այս բոլոր խնդիրները փոխկապակցված են մեկը մյուսին: Լուծում չի տրվում մեկ-երկուսին, վերահսկողությունից դուրս է գալիս ճանապարհային երթևեկությունը: Ինչո՞ւ են վթարները, հատկապես մահվան ելքով, շատանում: «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանը նշում է՝ սա վերահսկողության բացակայության հետևանք է:
«Կան ճանապարհային ոստիկաններ, որոնք աշխատում են: Կարող եմ ասել, որ, օրինակ՝ գիշերային ժամերին բազմաթիվ տեղեր կան, երբ ինչ-որ մութ հատվածում կայանված է ճանապարհային ոստիկանության մեքենա: Չգիտեմ, թե ինչու են նման տեղերում կայանում մեքենաները: Թե՛ Երևանում, թե՛ մայրուղիների վրա, կարծես թե, նրանք թաքնվեն: Նման կարծիքներ հնչում են ֆեյսբուքյան օգտատերերի կողմից, նույնը նկատում ենք նաև մենք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պեդանյանը: Նշում է՝ համակարգում վերականգնվել է կաշառքը:
«Բազմաթիվ մարդիկ մեզ ասել են, որ այս կամ այն դրվագում իրենք կաշառք են տվել կամ իրենցից կաշառք են ակնկալել և այլն: Ճիշտ է՝ վերահսկող մարմիններն էլ են որոշակի ձևով աշխատում: Մի քանի ամիսը մեկ կլսենք, որ ինչ-որ մեկին բռնել են կաշառք ստանալիս, բայց, ընդհանուր առմամբ, կաշառքը համակարգում վերականգնվում է, դա էլ գուցե ինչ-որ լրացուցիչ պատճառ է, որ երթևեկության նման խնդիրներ ունենք հիմա»,-ասում է մեր զրուցակիցը: Օրերս էլ տեղեկացանք, որ Ազգային ժողով է ներկայացվել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների ու կից նախագծերի փաթեթը, որով դատարաններ ներկայացվող հայցերի, դիմումների, բողոքների համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը կավելանան, սա վերաբերում է նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների բողոքարկմանը: Կարելի է ենթադրել, որ սա ևս կարող է նպաստել կաշառքով հարցեր լուծելու սովորույթի վերականգնմանը:
«Սա, իհարկե, իր մեջ կոռուպցիոն ռիսկ ունի: Քաշքշուկներից խուսափելու համար վարորդներից շատերը պատրաստ են տեղում «վճարել», ավտոտեսուչն էլ պատրաստ կլինի ընդառաջել վարորդին»,-ընդգծում է ՀԿ-ի փոխնախագահը: Ճանապարհային երթևեկության ճիշտ կազմակերպման կարևոր նախապայմաններից են որակյալ ճանապարհները և դրանց ճիշտ կահավորումը: Այս երկուսի առումով էլ մեր երկրում մշտապես եղել են խնդիրներ: Արդյո՞ք անցնող երեք տարում դրանք լուծելու փորձեր արվել են: Պեդանյանը նշում է՝ այս հարցին միանշանակ պատասխանելը բարդ է:
«Մի կողմից՝ բազմաթիվ ճանապարհներ են վերանորոգվել, հատկապես միջմարզայինները, բայց մյուս կողմից էլ՝ կան ճանապարհներ, որ այնքան վատ են վերանորոգվել, որ մի քանի ամիս հետո արդեն քանդված են: Օրինակ՝ Երևանի ճանապարհների մեծ մասը շատ վատ են վերանորոգել, և զարմանում եմ, թե ինչու են նման որակի ճանապարհներն ընդունել կապալառուներից: Օրինակ բերեմ: Այսօր Թբիլիսյան խճուղում պետք է երթևեկել մաքսիմալ դանդաղ և հաշվի առնել, որ ամեն վայրկյան կարող եք վնասել մեքենան փոսերի պատճառով:
Հենց հիմա Կոմիտասի պողոտայում, Տերյան փողոցի վրա (և ոչ միայն) նման նշաններ կան: Դրանք մարդկանց մոլորեցնում են, հետո էլ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է: Տեղադրվել են բազմաթիվ լուսացույցեր, շատերը՝ ոչ տեսանելի վայրերում: Նույն խնդիրը կա նաև ճանապարհային նշանների հետ կապված, որը լուծում չի ստանում»,-նշում է մեր զրուցակիցը: Ճանապարհային երթևեկության կարգավորմանն էր ուղղված նաև բալային համակարգի ներդրումը: Արդյո՞ք այն իրեն արդարացրեց, թե՞ կարգապահ վարորդը շարունակեց հետևել երթևեկության կանոններին, իսկ ոչ կարգապահը՝ խախտել դրանք:
«Բալային համակարգը ներդնելուց պետությունը պետք է այնպես մշակեր այն և դրա բաղկացուցիչ մասերը, որ հետագայում խնդիրներ չառաջանային: Կարծում եմ՝ պետական տուրքերի բարձրացման պատճառներից մեկը բալային համակարգի թերություններն են: Ո՞րն է բալային համակարգի նպատակը՝ անկարգապահ վարորդը զրկվում է վարորդական իրավունքից: Ի՞նչ ունենք հիմա: Տարվա վերջում, երբ բալերը պետք է վերջանան, վարորդները փաստաբան են վարձում, որը 2-3 ամիս ձգձգում է գործը: Պետությանը թվում է, որ տուրքը բարձրացնելով՝ վարորդներին կստիպեն այդ քայլին չգնալ, բայց դա այս խնդիրները չի վերացնելու:
Վարորդական վկայականից չզրկվելու համար վարորդը պատրաստ կլինի մի քիչ փող տալ: Ասում են՝ դատավորները գերզբաղված են, լուրջ գործերը թողած՝ հինգ հազար դրամանոց ակտերի բողոքարկման գործերով են զբաղվում: Բայց այս հարցի լուծումը բողոքարկման համակարգն անհասանելի դարձնելը չէ: Սա առնվազն ոտնձգություն է սեփական քաղաքացու նկատմամբ: Սրա լուծումը պետք է լիներ նախ՝ վերադաս մարմնի կողմից վիճարկվող ակտերի պրոցեսի վերանայումը, որպեսզի այն ավելի անաչառ լիներ, հետո նոր բարեփոխումներ անեին դատական համակարգում, օրինակ՝ փոխվեր գործերի քննման ընթացակարգը և այլն:
Այսինքն՝ կարելի էր լուրջ մեխանիզմ ներդնել, որ այդ խնդիրը չլիներ, բայց իրենք ընտրեցին միակը, որը վնաս է քաղաքացուն: Կարծում եմ, որ այդ մարդիկ կորցրել են իրականության զգացումը»,-եզրափակում է Դավիթ Պեդանյանը»: