կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-23 11:48
Հասարակություն

Խիստ հանձնարարական ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ

Խիստ հանձնարարական ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ

Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, նախքան օրակարգին անցնելը, ավանդաբար հանձնարարականներ տվեց: Մի հանձնարարականը վերաբերում էր ոռոգման նախապատրաստական աշխատանքներին: Վարչապետի խոսքով` նախկինում տրվել էր հանձնարարական` իրականացնել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող տարածքների համադրման աշխատանքներ և վերլուծություն:

«Մեր ջրային ռեսուրսների կոմիտեն մի վիճակագրություն ունի, համայնքները` այլ: Ջրային պետական կոմիտեի վերլուծությունների համաձայն` փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47 տոկոսը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց վարչապետը` հանձնարարելով գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՏԿԶ նախարարություններին, կառավարությանն առընթեր կադաստրային կոմիտեին` 10-օրյա ժամկետում ներկայացնել փաստացի կադաստրային ոռոգելի հողատարածքների` մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարված ուսումնասիրությունները:

Երկրորդ հանձնարարականը վերաբերում էր ջրբացթողումներին և ջրի կորուստներին: Վարչապետի խոսքով` յուրաքանչյուր տարի Սևանա լճից կատարվում է ջրի բացթողում ոռոգման նպատակով, սակայն լինում են բավական շատ ջրի կորուստներ: Հանձնարարվեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, բնապահպանության, ՏԿԶ նախարարներին, ջրային տնտեսության կոմիտեի նախագահին `մինչև Սևանա լճից ջրի բացթողումները ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե` ոչ, ապա փակել ջրառը: