կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-06 13:56
Հասարակություն

Մայիսի 27-ին Հայաստանում տեղի կունենա առաջին համապետական շաբաթօրյակը

Մայիսի 27-ին Հայաստանում տեղի կունենա առաջին համապետական շաբաթօրյակը

Մայիսի 27-ին Հայաստանում տեղի կունենա առաջին համապետական շաբաթօրյակը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

Նրա խոսքով՝ շեշտը դնելու են աղբավայրերի լոկալիզացման վրա: «Յուրաքանչյուր համայնքից կամ համայնքային խմբից պետք է տեղեկություն ստանանք, թե աղբավայրերը որտեղ են լոկալիզացնում: Օրինակ, Աշտարակին հարակից 15 բնակավայրերն իրենց համար պետք է ունենան մեկ ընդհանոր աղբավայր, որը պետք է շատ լավ կառավարեն:

Օրինակ, պետք է Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղական համայնքի շրջակայքում գործող 5 աղբավայրերը փակել և ունենալ մեկ ընդհանուր աղբավայր»,-ասաց նա:

Նախարարի խոսքով՝ ՀՀ մարզերում առկա է ավելի քան 2000 աղբանոց՝ մոտ 500 հա ընդհանուր տարածքով: Նա տեղեկացրեց, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում իրենց նախարարության աշխատակազմի կողմից գույքագրվել և անձնագրավորվել են այդ աղբավայրերը: Աղբանոցների տեղադիրքի և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Google Earth հենքի վրա կառուցված միջավայրում:

Լոքյանի խոսքով՝ այսօր տարեկան 9-10 մլրդ դրամ գումար է ծախսվում աղբահանության համար, որի 60 %-ը հատկացվում է պետական բյուջեից: Ըստ նրա՝ առաջնային խնդիրներից է այդ աղբավայրերը տեղայնացնելը և աղբահանության համար նախատեսված ծախսերը ճիշտ կառավարելը:

Նրա խոսքով՝ նախարարության վարչության պետերը, փոխնախարարներն այցելում են բոլոր մարզեր և մարզային հանձնաժողովների հետ քննարկում են աղբահանության ծրագրերը և հանձնարարություններ տալիս: «Աղբավայրերի խնդիրը մեկօրյա խնդիր չէ»,-նկատեց նա: