կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-30 21:05
Հասարակություն

Երևանում տեղադրվել է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Երևանում տեղադրվել է Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Ապրիլի 30-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Հայաստանի Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում, տեղի է ունեցել հերոսի կիսանդրու բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար կազմը, բարձրաստիճան զինվորականներ, ազատամարտիկներ, կուրսանտներ և Թաթուլ Կրպեյանի հարազատները։

Մինչ կիսանդրու բացումը` արարողության մասնակիցները ծաղիկներ են խոնարհել զբոսայգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին, 2014թ.-ի նոյեմբերին խոցված ուղղաթիռի օդաչուների և ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին կանգնեցված հուշաքարերին։

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման պատիվը տրվել է հերոսի դուստր Ասպրամ Կրպեյանին և քանդակագործին՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։

«Այսօր, իրոք, շատ կարևոր օր է բոլորիս համար: Ասում են՝ այնքան կարևոր չէ, թե քանի օր կա մարդու կյանքում, որքան կարևոր է, թե ինչքան կյանք կա մարդու ապրած յուրաքանչյուր օրվա մեջ: Թաթուլ Կրպեյանի անցած ուղին, իր համոզմունքը, իր կյանքով լի յուրաքանչյուր օրը դրա վառ ապացույցն է: Շատ կարևոր է, որ մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր հերոսներին և վառ պահում նրանց հիշատակը: Բայց մենք չէ, որ արդարություն ենք մատուցում Թաթուլ Կրպեյանին: Ինքն է, որ թույլ է տալիս հերթական անգամ, իր օրինակով, մեր բոլոր սերունդներին ասել, որ Հայաստանի հողն անառիկ է, Հայաստան պետությունն ամուր, իսկ մեր ապագան` միշտ պայծառ»,-իր խոսքում ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։

1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։

1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Թաթուլը 1990 թվականին անդամակցել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը:

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։

2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ: 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը: