Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի մասնագիտացված մարզադպրոցում այսօր մեծ հանդիսավորությամբ նշվեց մարզադպրոցի սան, Արցախյան պատերազմի հերոս, Թաթուլ Կրպեյանի անվան ազատ ըմբշամարտի պատանեկան ավանդական՝ 24-րդ հուշամրցաշարի բացումը, որին ներկա էին սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, փոխնախար Արտաշես Նազարյանը, Կրպեյանի եղբայրներն ու քույրը, հարազատներն ու մտերիմները, ազատ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Եվրոպական առաջին խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, այլ պատվավոր հյուրեր: Նախարարն իր խոսքում ասաց, որ շատ գովելի են նման նախաձեռնությունները և որ պատանի ըմբիշները պետք է ոչ միայն մարզվեն, այլև ճանաչեն մեր ազգի նվիրյալներին, ոգեշնչվեն նրանց սխրանքներով: Իսկ մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանը նշեց, որ Մուշեղյանի անվան մարզադպրոցը միշտ էլ առանձնացել է հայրենասիրական ոգու դաստիարակությանն ուղղված միջոցառումներով:
«Կրպեյանի հուշամրցաշարն արդեն 24-րդ անգամ է անցկացվում՝ հերոսի մահվան առաջին տարելիցից: Այն միշտ էլ մեծ թվով ազատ ոճային ըմբիշներ է հավաքում: Մեր պատանի ըմբիշների համար այսպիսի հուշամրցաշարերը ոչ միայն մրցման լավ հնարավորություն են, այլև՝ ազգի մեծերին ճանաչելու, նրանց արարքները գնահատելու լավ միջոց: Մենք ամեն տարի անցկացնում ենք նաև մարշալ Բաղրամյանի և Զորավար Անդրանիկի անվան հուշամրցաշարեր: Երեք մրցումն էլ դաստիարակչական մեծ նշանակություն ունեն պատանիներին հայրենասիրական ոգով դաստիարակելու առումով: Մենք պետք է ունենանք ոչ միայն կամային հատկանիշներով օժտված մարզիկներ, այլև հայրենիքի պաշտպանության համար պատրաստ արի ու խիզախ մարտիկներ»:
Հանդիսավոր բացման արարողության ժամանակ Նորայր Մուշեղյանի անվան մարզադպրոցի տնօրեն Սամվել Գևորգյանն ու Միհրան Հարությունյանը նվերներ հանձնեցին մեծարգո հյուրերին: Հուշամրցաշարն ավարտվելու է վաղը: Իսկ առաջին օրվա հաղթողներ ըստ քաշային կարգերի դարձան. Առաքել Մովսիսյանը (42 կգ, ՕՀՔ), Վրեժ Գևորգյանը, (50 կգ, ՕՀՔ) Արմեն Ազարյանը, (58 կգ, ՀՄՄ), Արման Ավագյանը (69 կգ, ԸՀՄ), Մարտին Սիմոնյանը, (85 կգ, ՀՄՄ): Հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: