Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ապրիլի 30-ին Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում տեղի կունենա հերոսի կիսանդրու բացման արարողությունը: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն ու ճարտարապետ Գրիգոր Բաբաջանյանն են:
Yerkir.am-ի հետ զրույցում Լևոն Թոքմաջյանը նշեց, որ Կրպեյանի կիսանդրին ունենալն իր մտահղացումն ու նախաձեռնությունն է եղել. հիշում է` երբ այգին Կրպեյանի անունով է անվանակոչվել, ինքն անմիջապես դիմել է թաղապետարան և քաղաքապետարան, որ Կրպեյանի կիսանդրին տեղադրվի այնտեղ:
«Քանդակի վրա մեկ տարի եմ աշխատել, և արդյունքում` ստացվել է այն, ինչ ես եմ ուզում: Թաթուլը քաղաքին է նայում` վերևից ներքև: Թաթուլի կերպարը ոնց որ Զևսը լինի` մորուքը գնում, հասնում էր մինչև ականջները: Ես նայում ու մտածում էի` էս ինչ «քանդակելու մարդ» է` անկախ նրանից` հերո՞ս է, թե՞ ոչ: Իսկ հետո, երբ խորամուխ եղա գործին, կնոջը` Իրինային, ասացի, թե` քանդակում շատ նմանություն չփնտրես, ես էությունն եմ քանդակելու: Նման անձնավորությանը շատ դժվար է քանդակել, և այնպես չէ, որ պետք է, լուսանկարին նայելով, քանդակեմ, և լավ է, որ վերջում կինն ու աղջիկը` Ասպրամը, ասացին, որ նրան այսպես էլ պատկերացնում են»,- ասաց Թոքմաջյանը:
Նա նշեց նաև, որ Կրպեյանը, բացի հերոս լինելուց, նաև տաղանդավոր մարդ էր` երգում էր ու բանաստեղծություններ գրում:
Ըստ քանդակագործի` Կրպեյանի կերպարով ուզել է ցույց տալ այսօրվա հային: «Թող թուրքը չմտածի, որ զենքով կարող է հային ծնկի բերել. մեր տղերքի դուխը ոչ ոք չունի: Միշտ ասում են, չէ՞, ինչ տեխնիկա ունեին ադրբեջանցիները, ու մեր տղերքն ինչով էին կռվում ու հաղթում: Այն, որ հույսը միայն դուխի վրա պետք չէ դնել, դա այլ հարց է, բայց մեր տղերքի մարտական ոգին միշտ բարձր է եղել»,- ասաց Թոքմաջյանը: