կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-02 16:16
Հասարակություն

Երեւանում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի

Երեւանում բացվել է Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի

Այսօր Երեւանում բացվել է ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի: Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Լվովյան փողոցի հատման տարածքին հարակից նոր զբոսայգին կառուցվել է Երևանի համայնքային 2014թ. ծրագրերի շրջանակներում։ Թաթուլ Կրպեյանի անվամբ նորակառույց զբոսայգին անվանակոչվել է Երևանի ավագանու 2015թ. մարտի 18-ի N299-Ն որոշմամբ:

Զբոսայգու հանդիսավոր բացմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Կրպեյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատները:

«Կարծում եմ` հիշում եք, թե ոմանք ինչպես էին փորձում ներկայացնել ընթացող աշխատանքները, երբ դրանք նոր էինք սկսել։ Ընդհուպ տեղեկություններ տարածեցին, թե այստեղ ծառահատումներ են ու ծառապատ տարածքներ են ավերվում։ Ժամանակն ապացուցեց, որ մեր նպատակը շուրջ 20 տարի անխնամ, անբարեկարգ մնացած տարածքը կարգի բերելն ու արդեն որպես գեղեցիկ հանգստի գոտի մեր բնակիչներին հանձնելն էր։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ այգու ստեղծման գաղափարի հիմքում մեր երիտասարդների, Ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների նախաձեռնությունն էր, ովքեր այն նախագծի տեսքով ներկայացրեցին, և ահա հրաշալի այդ նախագիծն այսօր իրականություն է: Ի դեպ, այս այգին Աջափնյակ վարչական շրջանում կառուցված այգուց հետո նման մասշտաբի երկրորդ հանգստի գոտին է մեր քաղաքում, և մենք փորձելու ենք անել հնարավորը, որ նմանատիպ շատ գոտիներ ունենանք մեր բոլոր վարչական շրջաններում»,- ընդգծել է քաղաքապետը։

Ծրագրի շրջանակում այգում կառուցվել են բազալտե աստիճաններ, սալիկապատվել են ճեմուղիները, նորերով են փոխարինվել եզրաքարերը, ինչպես նաև կառուցվել են հենապատեր, որոնք երեսպատվել են տրավերտինե և բազալտե սալերով: Այգու ամբողջ տարածքն ապահովված է զրուցարաններով, նստարաններով և աղբամաններով, ցայտաղբյուրներով: Ակտիվ ժամանցի անցկացման համար այգում կառուցվել է թենիսի հարթակ, ինչպես նաև մանկական խաղահրապարակներ:

Տարաբնույթ միջոցառումների անցկացման համար այգում կառուցվել է նաև ամֆիթատրոն: Ճարտարապետական հետաքրքիր լուծման միջոցով այգում կա կանաչ լաբիրինթոս: Կառուցվել է 44 փոքր շատրվաններով համալրված ջրավազան: Հանգստի գոտին ապահովվել է շուրջ 3200 գծմ ոռոգման նոր համակարգով ու էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նոր ցանցով: Տարածքում գործում են նաև սանհանգույցներ: Առանձնակի կարևորելով այգին Թաթուլ Կրպեյանի անվամբ անվանակոչելը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ զբոսայգին նաև առանձնահատուկ խորհուրդ ունի հայրենասեր ու հայրենանվեր սերունդ կրթելու հարցում:

«Իմ խորին համոզմամբ այս այգին կդառնա հայրենասիրության ու հերոսության դասերի յուրօրինակ բաց լսարան, որտեղ մեր սերունդները ոչ միայն կհանգստանան, այլև հնարավորություն կունենան կազմակերպել հայրենասիրական միջոցառումներ՝ այդպիսով վառ պահելով մեր հերոսների անուններն ու յուրովի հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին։ Նաև կուզենամ, որ մեր համաքաղաքացիները իրական տանտիրոջ պես վերաբերվեն ինչպես Թաթուլի անվան զբոսայգուն, այնպես էլ այն ամենին, ինչը մեր ընդհանուր մեծ տան մեջ ունենք։ Դա նաև յուրովի հարգանքի տուրք կլինի մեր բոլոր հերոսների հիշատակին, քանզի, համոզված եմ, նրանցից յուրաքանչյուրը այդ կերպ ևս կապացուցեր, որ հայրենասիրությունը նաև հարազատ միջավայրի խնամքն ու պահպանումն է»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին ընդգծել է, որ Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումների շարքում Երևանի քաղաքապետի այս նախաձեռնությունն իսկապես կարևոր էր ու ռազմահայրենասիրական ոգով սերունդ կրթելու համար անհրաժեշտ:

«Օրն իսկապես խորհրդանշական է նաև այն առումով, որ Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրող այգու բացումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության օրը, այն անկախության, հանուն որի իր կյանքը զոհաբերեց նաև Թաթուլը։ Վստահ եմ, որ այս այգին իր ուրույն տեղը կունենա մայրաքաղաքի կյանքում և համապատասխան հենք կհանդիսանա մեր երկրում հայրենասիրական գաղափարական և հատկապես մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության համար: Վստահ եմ` մատաղ սերունդն, այս պուրակում հանգստանալով, ուսումնասիրելով և ծանոթանալով այստեղ տեղադրված հուշակոթողների պատմությանը՝, հաստատապես փորձելու է նմանվել հայրենիքի նվիրյալ մեր անվախ հերոսներին»,- նշել է Սեյրան Օհանյանը:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախաձեռնությամբ այգու մի հատվածում հանդիսավորությամբ բացվել է նաև 2014թ. նոյեմբերի 12-ին խոցված ԼՂՀ ՊԲ ՄԻ-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին նվիրված հուշարձանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամների հետ միասին շրջել է նորկառաույց այգում, գնահատել կատարված աշխատանքը: Ծրագիրը նախաձեռնելու և այն կարճ ժամկետում կյանքի կոչելու համար Թաթուլ Կրպեյանի այրին ու դուստրն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ նշելով, որ տարիների իրենց սպասված երազանքն այսօր իրականություն է դարձել:

 

\"\"

\"\"

\"\"