Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2017-10-10 13:37
Հասարակություն

Բարեփոխումներ` նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում. ինչ կշահեն ուսանողները

Բարեփոխումներ` նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում. ինչ կշահեն ուսանողները

Վերջին 1,5 տարվա ընթացքում նոր ծրագրեր են սկսվել ՄԿՈՒ ոլորտում, և դրանք հիմնականում միջազգային դոնոր կազմակերպությունների կողմից են իրականացվում:

Այսօր լրագրողների հետ հանդիպեց ՀՀ ԿԳՆ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթութան վարչության պետ Արտակ Աղբալյանը` ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտում իրականացվող ծրագրերն ու սպասվելիք փոփոխությունները: Նա տեղեկացրեց, որ դոնոր կազմակերպությունների թիվը ոլորտում հասել է 10-ի` այն դեպքում, երբ ընդամենը 1,5 տարի առաջ այդ թիվը 1-2 էր:

Աղբալյանը նշեց, որ իրականացվող ծրագրերից ամենակարևորներից մեկը դուալ կրթական համակարգի ներդրումն է: Ծրագիրը, որը կոչվում է «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթության ուսուցումը Հարավային Կովկասում», իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ /GIZ/:

«Ծրագրի շրջանակում այս տարվա սեպտեմբեր ամսվանից փորձարարական կարգով հանրապետության 4 ուսումնական հաստատություններում 4 մասնագիտությունների գծով ներդրել ենք դուալ կրթական համակարգ: Սա աշխատանքի ուսուցման վրա հիմնված համակարգ է, և խոսքը չի վերաբերում մի համակարգի, որտեղ պրակտիկաներն են ավելանում` ժամաքանակի առումով, այլ, ուսումնական գործընթացին զուգահեռ, իրականացվում է աշխատանքի վրա հիմնված ուսուցում: Սա ենթադրում է, որ 5-օրյա ուսուցման ցիկլում 2-3 օր ուսանողը կանցկացնի քոլեջում կամ ուսումնարանում, իսկ մնացած 2 օրը` գործատուի մոտ` պրակտիկ գիտելիքներ ստանալով»,- ասաց Աղբալյանը` հավելելով, որ այդպիսով անցում է կատարվում ռեալ, պրակտիկ գիտելիքի տրամադրմանը:

Նրա տեղեկացրեց նաև, որ պիլոտային ծրագրում ընդգրկված են Տավուշի տարածաշրջանային քոլեջը, որտեղ «Տուրիզմ» և «Ավտոմեխանիկների պատրաստման գործընթաց» մասնագիտությունների գծով է ծրագիրը ներդրվել, Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջում` «Գինեգործություն» մասնագիտությամբ, Երևանի հումանիտար քոլեջում` կրկին «Տուրիզմի» գծով, Շիրակի տարածաշրջանային քոլեջում` IT ոլորտի գծով:

«Այս հաստատություններից յուրաքանչյուրը գործատուների դաշտում ունի իր գործընկերը: Գյումրիում Գյումրու տեխնոպարկն է, Եղեգնաձորում մեր հայտնի գինեգործական ընկերություններն են, Երևանում համագործակցում ենք «Կոնգրես», «Փարիզ» հյուրանոցների հետ, իսկ Իջևանում էլ` «Ապագա ռեզորթ»-ի: Սա 3 տարվա պիլոտային ծրագիր է, և ամեն տարի նախատեսում ենք 1-2 մասնագիտություն էլ ավելացնել: Շատ դժվար գործընթաց է իրականում. Գերմանիայի լավագույն փորձն ենք կիրառում, քանի որ Գերմանիան դուալ կրթության առաջատարն է համարվում»,-ասաց Աղբալյանը:

Բացի այդ` ՄԿՈՒ ոլորտում ԵՄ-ի բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագիր են կյանքի կոչում, որն ուղղված է գյուղատնտեսության զարգացմանը` աշխատանքի վրա հիմնված ուսուցման ձևով: Աղբալյանի խոսքով` քանի որ կառավարության համար էլ գերակա է գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, ուստի, առանց որակյալ կադրերի, զարգացման մասին խոսելն ավելորդ է: «Ծրագիրն ուղղված է գյուղատնտեսական մասնագիտությունների գծով որակյալ կադրեր պատրաստելուն: Ծրագրի բաղադրիչների մեջ մտնում ենք գյուղատնտեսական ՄԿՈՒ հաստատությունների վերանորոգման աշխատանքներ, ժամանակակից սարքավորումների տրամադրում, վերապատրաստումներ, բոլոր գյուղատնտեսական մասնագիտությունների գծով մասնագիտական կրթական չափորոշիչների պատրաստում, կարիերայի կենտրոնների ստեղծում` ընդհուպ մինչև ամենավերջին կետը` կոնկրետ մասնագիտությունների գծով աշխատանքի տեղավորման խնդիրը լուծելը: Սա բյուջետային աջակցության ծրագիր է, որը մեկնարկել է հունվարի 1-ից,  այն կավարտվի 2020-ին»,- հայտնեց նա:

Աղբալյանի խոսքով` ԵՄ աջակցությամբ «Save the children» ՀԿ-ի հետ ԿԳՆ-ն իրականացնում է նաև մեկ այլ ծրագիր, ըստ որի` հնարավորություն է ստեղծվում հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի մասնագիտություն ձեռք բերել: Նա նշեց, որ նախորդ տարի արդեն իսկ մի քանի կազմակերպություններ կազմակերպել են կարճաժամկետ վերապատրաստումներ հաշմանդամություն ունեցող շրջանավարտների համար: «Սա գրանտային ծրագիր է, որին մասնակցելու համար մոտ 40 հաստատություններ հայտ ներկայացրին, սակայն նրանցից 4-ը 9 մլն շահեցին: Սա սոցիալական հիմնարկությունների հիմնման ծրագիր է` քոլեջներում ու ուսումնարաններում հիմնվում են ձեռնարկություններ, որոնցում հնարավորություն է տրվում հաշմանդամություն ունեցող շրջանավարտներին աշխատել: Վաղն Արմավիրում կբացենք առաջին սոցիալական ձեռնարկությունը Արմավիրի արվեստի քոլեջում` «Տպագրական գործ» մասնագիտությամբ: Նմանօրինակ ծրագիր կիրականացվի Սիսիանում` մեղվաբուծության, և Իջևանում` ավտոսպասարկման գծերով»,- ասաց Աղբալյանը:

Ըստ նրա` կարևոր է նաև այն փաստը, որ իրենք այժմ պատրաստում են մի ձեռնարկ, որը ուսումնական հաստատությունների ներսում ձեռնարկությունների հիմնմանն է վերաբերելու: Աղբալյանի խոսքով` Եվրոպական կրթական հիմնադրամը համաձայնել է աջակցություն տրամադրել` խորհրդատվություն, միջազգային փորձագետ, որոնց օգնությամբ էլ կփորձեն մշակել համապատասխան կարգը, թե ուսումնական հաստատությունում ինչ ձևով կարող է ձեռնարկություն հիմնել: «Կարծում եմ` մինչև փետրվար ամիսը կկարողանանք ներկայացնել օրենսդրական կետերի փոփոխման անհրաժեշտությունը` ծրագրից բխող: Չեմ կարող ասել` օրենսդրական փոփոխությունների արդյունքում ուսումնական հաստատություններին ինչ արտոնություններ կտրվեն, բայց սա լավ հնարավորություն է ոչ միայն արտադրական գիտելիքները լրացնելու, այլ նաև ուսումնական հաստատություններում արտաբյուջե ունենալու»,- ասաց նա:

Ի դեպ, առաջիկայում փոփոխություններ կկատարվեն նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում: