կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-21 11:16
Քաղաքական

Եթե հանրությունը չընդունի այդ ծրագրերը, կշարունակենք փնտրել այլ միջոցներ. Վիգեն Սարգսյան

Եթե հանրությունը չընդունի այդ ծրագրերը, կշարունակենք փնտրել այլ միջոցներ. Վիգեն Սարգսյան

Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա խոսեց «Ազգ-բանակ» ծրագրի առաջիկա անելիքների, ինչպես նաև ռազմական կրթության հեռանկարների մասին: Մատնանշելով ծառայության նոր կարգը և ռազմական կրթության նոր առաջարկները, որոնք երեկվանից դրվել են հանրային քննարկման, նա ասաց. «Կա և' ոգևորություն, և' սատարում, և' մարդիկ, ովքեր փորձում են այդ առաջարկներում գտնել բացասական բոլոր հնարավոր էլեմենտները: Ես շնորհակալ եմ և' նրանց, և' մյուսներին, որովհետև իրականում ես չեմ պնդում այս քաղաքականությունը: Ես առաջարկել եմ այդ ծրագրերը դնել հանրային քննարկման, բաց եմ քննարկումների համար, այդ ծրագրերը կքննարկվեն շահագրգիռ սուբյեկտների հետ, կանցկացվեն սոցհարցումներ, և եթե պարզ դառնա, որ այդ ծրագրերը անհրաժեշտ չեն, կշարունակենք փնտրել այլ միջոցներ, այլ եղանակներ»,- ասաց Վիգեն Սարգսյանը: 

Հիշեցնենք, որ երեկվանից ՊՆ-ն հանրային ուշադրությունը հրավիրել է երկու ծրագիր-առաջարկների վրա, որոնք կոչվում են «Պատիվ ունեմ» և «Ես եմ»: Ըստ այդ ծրագրերի` յուրաքանչյուր դպրոց առնվազն մեկ շրջանավարտի պետք է ուղարկի ռազմաուսումնական հաստատություն, բուհական տարկետումը պետք է կապվի ապագա սպայական ծառայության հետ: Հավատարմագրված բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք կունենա դիմելու ծրագրին` դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու: Բացի այդ` նորակոչիկները, ովքեր կուզենան ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային` ստանալով փոխհատուցման լայն փաթեթ: Յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Բացի այդ` ծառայության ավարտին նրա հաշվին կփոխանցվի 5 մլն դրամ, որը նա կկարողանա օգտագործել որպես ուսման վարձի փոխհատուցում կամ երկու այլ ծրագրում` մատչելի բնակարան և մինի ֆերմա:

Հետևելով քննարկումներին` նախարարը մատնանշեց այն կարծիքը, թե գումարը նպատակահարմար է կանխիկ տալ, այլ ոչ թե ցուցաբերել ծրագրային մոտեցում: Նա նշեց, որ պատրաստ է այդ տարբերակն էլ քննարկել, սակայն վստահ է, որ ծրագրային մոտեցման դեպքում այդ գումարի մուլտիպլիկատիվ արդյունքը ավելի մեծ կլինի: