կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-19 17:16
Իրավական

Պահանջում են վերացնել Կարեն Վարդանյանի բնակարանի վրա դրված կալանքը

Պահանջում են վերացնել Կարեն Վարդանյանի բնակարանի վրա դրված կալանքը

Նախորդ տարվա մարտին դաժանաբար սպանված փորձագետ Կարեն Վարդանյանի բնակարանի ներկայիս սեփականատերը՝ Գայանե Հակոբյանը, դիմել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել իր բնակարանի վրա դրված նախնական կալանքը:

Քննության տվյալներով՝ Կ.Վարդանյանն իր՝ Երևան քաղաքի Լենինգրադյան 31/8 շենքի երեք սենյականոց բնակարանը նվիրաբերել է 23-ամյա Գ.Զոհրաբյանին (սպանության գործով ամբաստանյալին), որի դիմաց պետք է ստանար դրամական փոխհատուցում՝ 20.000 ԱՄՆ դոլարի չափով, կամ` այդ գնի սահմաններում նոր բնակարան։ Սակայն Զոհրաբյանը գրավադրել է այդ բնակարանը բանկում, այնուհետև այն վաճառել երրորդ անձի՝ Էդվարդ Հարությունյանին: Բնակարանի ներկայիս սեփականատերը Հարությունյանի կինն է՝ Գայանե Հակոբյանը:

Գործով նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հետաձգեց դիմումի լուծումը՝ պատճառաբանելով, որ դեռևս չեն ուսումնասիրվել գործում եղած ապացույցները, և որ դիմումին կանդրադառնա վերջնական դատական ակտ կայացնելիս:

Այսօրվա դատական նիստում հարցաքննվեց գործով երկու վկա, որոնցից մեկը Կարենի բարեկամուհին է: Մասնագիտությամբ կոսմետոլոգ Սուսաննա Թահվերդյանը դատարանին հայտնեց, որ Կարեն Վարդանյանն իր հորեղբոր թոռն է: Նա հայտնեց, որ Կարենի մոր մահից հետո երբեմն-երբեմն զանգահարել և այցելել է նրան, իսկ անհետանալու մասին իմանալուց հետո մյուս բարեկամուհու հետ եկել Կարենենց շենքը՝ պարզելու եղելությունը:

«Հավաքվել էինք Կարենի հարևանուհու՝ Մարգարիտայի տանը, այնտեղ էին եկել նաև Գևորգն ու նրա մայրը: Գևորգն իրարամերժ բաներ էր ասում, թե իբր Կարենին ճանապարհել են Դուբայ, բայց Գևորգի պահվածքից երևում էր, որ մի բան այն չէր»,- պատմեց վկան՝ նշելով, որ անհետանալուց օրեր անց դիմում էին ներկայացրել ոստիկանություն: Նա պատմեց, որ Գևորգն իրեն հայտնել էր, որ Կարենն իր բնակարանը նվիրատվություն է արել իրեն, որպեսզի այն գրավադնեն բանկում և եղած գումարով բիզնես սկսեն, և որ այդ բնակարանի վաճառքից ստացված գումարով է Կարենը մեկնել Դուբայ:

«Երբ ես Գևորգին ասացի, թե հնարավոր է` Կարենի հետ ինչ-որ բան է պատահել, նա ասաց, որ խոսել է Կարենի հետ, ամեն բան կարգին է: Նա հավաստիացնում էր, որ բնակարանը Կարենի հետ են վաճառել»,- պատմեց բարեկամուհին:

Վկայի խոսքով՝ Կարենը շատ լավ տղա էր և կարող էր հեշտությամբ վստահել մարդկանց:

Հիշեցնենք, որ Կարեն Վարդանյանը սպանվել է 2016թ. մարտի 17-ին: Համաձայն մեղադրական եզրակացության` պայմանավորված գումարը Կարեն Վարդանյանին չտալու համար Գ.Զոհրաբյանն առաջարկել է նրան Վրաստանի միջոցով մեկնել Դուբայ՝ շրջագայության՝ մտադրվելով Վրաստան ուղեկցելու ճանապարհին սպանել նրան։ Նշված մտադրության մասին Գ.Զոհրաբյանը հայտնել է 1973թ. ծնված Ա.Միհրանյանին, ով 2016թ. հունվար ամսից օրավարձով վարում է Գ.Զոհրաբյանին պատկանող «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենան՝ խոստանալով դրա դիմաց որոշակի գումար: Պայմանավորվածության համաձայն՝ Ա.Միհրանյանը 2016թ. մարտի 17-ին Լենինգրադյան փողոցում գտնվող դեղատնից գնել է «Դիմեդրոլ» տեսակի` թվով 5 դեղահաբ, դրանք լցրել ջրով լի շշի մեջ և դրել ավտոմեքենայի հետնամասում, որպեսզի Կ.Վարդանյանը ճանապարհին այն խմի և քնի, ապա երեքով «Օպել Վեկտրա Բ» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել են դեպի Սևան քաղաք՝ Կ.Վարդանյանին Վրաստանի Հանրապետություն ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին Կ.Վարդանյանը խմել է դեղահաբերով ջուրը, սակայն այն որևէ ներգործություն չի ունեցել։ Հասնելով Սևանի թերակղզու մոտ՝ ավտոմեքենան կանգնեցրել են բնական կարիքները հոգալու պատրվակով։ Նախնական տվյալներով՝ գետնից քար վերցնելով, Գ.Զոհրաբյանը վերադարձել է, ավտոմեքենայում նստել Կ.Վարդանյանի կողքին և քարով հարվածներ հասցրել նրա գլխին: Վերջինիս հարվածել է նաև ավտոմեքենայի վարորդը՝ Ա.Միհրանյանը։ Տեսնելով անշնչացած Կ.Վարդանյանին և հասկանալով, որ նա արդեն մահացել է, նրան թողել են ավտոմեքենայի սրահի հետնամասում, վերադարձել Երևան, որտեղ դիակը տեղափոխել են Գ.Զոհրաբյանին պատկանող ավտոտնակ և թաղել։