Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընտրություններից հետո իրենց դաշինքում տիրող լռությանը և այն խոսակցություններին, թե Գագիկ Ծառուկյանը միանձնյա է որոշելու, թե ովքեր կանցնեն խորհրդարան` անկախ հավաքած ձայներից, նշեց, որ բոլոր դեպքերում որոշում կայացնողը պետք է լինի Ծառուկյանը:
«Իհարկե, բոլոր դեպքերում որոշում կայացնողը պետք է լինի Ծառուկյանը, բնական է` կոլեգիալ քննարկումից հետո, բայց ես դեռևս չեմ մասնակցել նման քննարկումների»,- հայտարարեց նա:
Մեր ճշտող հարցին` չի՞ մասնակցել քննարկումների, թե՞, առհասարակ, նման քննարկումներ չեն եղել դաշինքի ներսում, Բոստանջյանն արձագանքեց. «Ես չեմ կարող ասել: Կարող եմ ասել միայն, որ ես չեմ մասնակցել, ես կանչված չեմ եղել որևէ մի քննարկման»:
Իսկ թե ե՞րբ հստակություն կմտցվի, թե Ծառուկյան դաշինքից ով է անցնում խորհրդարան, մեր զրուցակիցն այս հարցին ևս չկարողացավ հստակ պատասխան տալ: «Ես այսպես եմ հասկանում` եթե անդրանիկ նիստը տեղափոխվեց մայիսի 15-ից 18-ն ընկած ժամանակահատվածը, ամենայն հավանականությամբ, մինչ այդ հայտնի կլինի»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին` ինչո՞վ է պայմանավորված իրենց դաշինքի լռությունը, Բոստանջյանը նշեց, որ ոչ մի արտառոց իրավիճակ չկա: «Ոչ մի արտառոց իրավիճակով պայմանավորված չէ: Ոչ միայն «Ծառուկյան» դաշինքի, այլև բոլոր` խորհրդարան գնացած քաղաքական ուժերի մոտ գնում են քննարկումներ` ովքեր պետք է խորհրդարանում լինեն, ովքեր կոալիցիա կազմող ուժերի ներկայացուցիչներից գործադիրում լինեն, ովքեր իշխանությունում լինեն: Բնականաբար, սա մեկ ակնթարթում որոշվելիք բան չէ: Այսպիսի քննարկումներ խորհրդարան անցած ցանկացած ուժի մոտ գնում են, այնպես որ` ոչ մի զարմանալու բան չկա, առավել ևս, որ դրա համար բավականաչափ ժամանակ կա»,- ընդգծեց նա:
Մեր հարցին` հստակություն կա՞` Վարդան Բոստանջյանը կլինի՞ 6-րդ գումարման ԱԺ-ում, Բոստանջյանը հստակ պատասխան չուներ: «Եթե համապատասխան որոշում կայացվի` կլինեմ, հակառակ պարագայում` ոչ: Ոչ մի հարցում այս պահին որևէ մեկը չի կարող բարձրաձայնել հստակ, վճռական որոշումը»,- ասաց նա:
Մեր դիտարկմանը` ստացվում է` ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանից է կախված ցանկացած որոշում, պատասխանեց. «Վա՞տ է, որ Ծառուկյանից է կախված: Կուսակցության լիդերից է միշտ էլ կախված լինում: Հանրապետականում հանրապետության նախագահից է կախված, «Ելք»-ում համապատասխան մարդկանցից, և նույն կերպ էլ Դաշնակցությունում է»: