Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառանալով կառավարության կազմում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին, նշեց, որ խոսքը մեխանիկական փոփոխությունների մասին չէ, այլ՝ ֆունկցիաների հստակեցման: «Բոլորս գիտենք, որ Հայաստանի տնտեսական համակարգը գտնվում է սարսափելի վիճակում: Հիմա այս համակարգ կոչվածում արմատական, համակարգային փոփոխություններ են պետք: Փաստորեն, մեր ունեցած կառուցվածքում, բազմաթիվ լիազորություններ, որ ամրագրված են առանձին ոլորոտներում, միևնույն ժամանակ չունեն շեշտադրված գերակայություններ»,- ասաց Բոստանջյանը՝ հավելելով. «Օրինակ, եթե խոսենք էկոնոմիկայի նախարարության մասին, այստեղ, հանգամանքների բերումով, բազմաթիվ գործառույթներ են ֆիքսված եղել՝ զբոսաշրջություն, ներդրումային քաղաքականություն և այլն: Սրանք բոլորն էլ չափազանց կարևոր ճյուղեր են: Երկրում որոշակի տեղաշարժեր, փոփոխություններ և ուղղորդված վեկտորական զարգացում իրականացնելու համար հարկավոր է այդ բոլոր գործառույթներից փնտրել, ընտրել գերակաները»:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանի համար չափազանց կարևոր են ներդրումները. «Մեր ներդրումային միջավայրը բավականաչափ տխուր վիճակում է, գրավիչ չէ, ինչպես օտարերկրյա ներդրողների, այնպես էլ՝ հայրենական ներդրողների համար: Անգամ փոքր տնտեսական շրջանառություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտը գտնվում է անտանելի ռիսկի տակ: Տնտեսական մրցակցության բացակայության պարագայում մի քանի սուբյեկտներ, օլիգոպոլ և մոնոպոլ նկրտումներով, խեղդել են բոլորին: Փոքր ու միջին բիզնեսն է տուժում դրա արդյունքում, որը ցանկացած երկրի զարգացման կարևորագույն ինստիտուտն է: Երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 75 տոկոսը, գտնվում է այդ տիրույթում, և եթե դու այդ տիրույթը խեղդում ես, նշանակում է դու խեղդում ես քո բնակիչներին»:
Բոստանջյանի խոսքով՝ շատ կարևոր է՝ լիազորությունների հստակ ձևակերպում լինի: «Ցանկացած պարագայում պետք է հանձնարարությունները, գործառույթները չափելի, հստակ լինեն ու թափանցիկ: Մենք այդ առումով դեռ խնդիրներ ունենք, բոլոր նախարարություններում էլ գործառույթների հստակեցման կարիք կա: Նոր վարչապետն արդեն իսկ շեշտադրել է իր գործողության ծրագիրը: Գրեթե վեց ամիս հետո պարզ կլինի՝այսօր գծագրված, ամրագրված նախարարությունները պե՞տք են, թե՞ պետք չեն, շա՞տ են, թե՞ քիչ են»,- եզրափակեց մեր զրուցակիցը: