կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-04 12:20
Քաղաքական

Իշխանությունը ծայրահեղ դեպքերում պետք է հնարավորություն ունենա սպանել տեռորիստին. Վարդան Պողոսյան

Իշխանությունը ծայրահեղ դեպքերում պետք է հնարավորություն ունենա սպանել տեռորիստին. Վարդան Պողոսյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու համար լսումներ է հրավիրել:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը անդրադարձավ դատական համակարգի ձևավորման հարցին: Նա նախ նշեց, որ, օրինակ, ԵՄ 25 երկրներից միայն Կիպրոսն ունի նախագահական կառավարման համակարգ, Ֆրանսիան, Ռումինիան ու Պորտուգալիան ունեն կիսանախագահական կառավարման ձև, մնացածն ունեն խորհրդարանական կառավարման ձև:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներին հարց ուղղեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նախ մի դիտարկում արեց, որ սահմանին լարված վիճակ է, իսկ քաղաքական գործիչները սահմանադրական փոփոխությունների հարցն են քննարկում: Ապա տարակուսանք հայտնեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը հանել է 23-րդ հոդվածը, որը թույլատրում է մարդուն սպանել, սակայն չի տեղեկացրել հանրությանը:

«Երբ մենք ասում ենք, որ նախագծում կան աբսուրդ բացթողումներ, դուք կարող եք երեկոյան կայքում փոփոխել՝ առանց մեզ զգուշացնելու»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ հավելելով, որ նոր Սահմանադրության նախագծի մեջ շատ են մարդու իրավունքների սահմանափակումները: Նա չհամաձայնեց այն կարծիքի հետ, որ նոր Սահմանադրությունը մարդակենտրոն է, որովհետև, օրինակ, մարդու ձեռքից կարող են վերցնել նրա սեփականությունը, եթե հանրային շահն է դա պահանջում:

Հրանտ Բագրատյանը անընդունելի է համարում նաև ընտրիչների ժողովի կողմից նախագահ ընտրելը:

Վարդան Պողոսյանը պատասխանեց հարցին և, խոսելով սահմանափակումների մասին, ասաց, որ սահմանափակումներ այսօր էլ կան գործող Սահմանադրության մեջ:

«Քիչ իրավունքներ կան, որ սահմանափակման ենթակա չեն: Այն սահմանափակումների ծավալը, որն առաջարկվում է նախագծում, առկա է Եվրոպական կոնվենցիայում: Ինչ վերաբերում է սպանելու իրավունքին, կյանքի իրավունքը դա բացարձակ իրավունք չէ: Դա միակ տեղն է, երբ ես հրապարակայնորեն քննադատել եմ մեր հանձնաժողովի աշխատանքը և անձամբ ինձ, որ, ընկրկելով դեմագոգիական փաստարկների առջև, սահմանադրական հանձնաժողովը չընդգրկեց համապատասխան հոդվածում այն սահմանափակումները, որոնք կան մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածում»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Նրա խոսքով՝ իշխանությունը ծայրահեղ դեպքերում պետք է հնարավորություն ունենա սպանելու ահաբեկչին, որը բազմաթիվ մարդկանց կյանք է վտանգել, սպանելու այն զինվորին, որը կրակում է քո զինվորի վրա, բազմաթիվ դեպքեր կան, երբ պետական իշխանությանը թույլատրվում է նման իրավունք կիրառել: «Պետք չէ մտածել, որ, հումանիզմից ելնելով, պետությանը չպետք է թույլատրել լեգիտիմ ձևով ուժ կիրառել»,- ասաց Վարդան Պողոսյանը` հավելելով, որ կա մեծ բաց նախագծում, որը դեռ լրացված չէ: