կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-04-06 11:50
Հասարակություն

97 բնակավայրեր կսպասարկեն ներմարզային հարմարավետ ու ժամանակակից երթուղիներ. վարչապետ

97 բնակավայրեր կսպասարկեն ներմարզային հարմարավետ ու ժամանակակից երթուղիներ. վարչապետ

Այսօր կառավարության նիստում, նախքան օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց մի կարևոր խնդրի մասին, այն է` ներմարզային ճանապարհների խնդիրները և ճանապարհաշինությունը:

«Հայաստանի բնակավայրների տրանսպորտային հասանելիության մակարդակը բավարար չէ` 97 համայնք չի սպասարկվում մարզային երթուղիներով, այդ իսկ պատճառով շատ անհրաժեշտ ենք համարում մարզային երթուղային ցանցի, մասնավորապես` ներմարզային երթուղային ցանցի արդիականացմանն ուղղված անհապաղ աշխատանքներ իրականացնելը»,- ասաց վարչապետը` հավելելով, որ թեև տրանսպորտի և կապի նախարարն արդեն ստացել է համապատասխան հանձնարարականը, սակայն տրանսպորտային համակարգի բարեփոխումները սերտորեն կապված են նաև միջպետական, հանրապետական նշանակության և համայնքային ճանապարհների տեխնիկական վիճակի հետ: Ուստի տվյալ խնդրի կապակցությամբ ժամանակն է սահմանել խնդրի լուծման հստակ վերջնաժամկետները:

Վարչապետը հանձնարարեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին՝ երեքշաբաթյա ժամկետում ամփոփել և կառավարության աշխատակազմին ներկայացնել հանրապետության և մարզերի համար նախատեսված ուղևորափոխադրման երթուղային ցանցի նոր տարբերակ, որի պարագայում կլուծվի նշված 97 բնակավայրերի ներմարզային երթուղիներով, ժամանակակից և հարմարավետ տրանսպորտային միջոցներով սպասարկման հարցը:

Հանձնարարվեց նաև երեքշաբաթյա ժամկետում ակտիվացնել Հայաստանի Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների` ՀՀ պետական բյուջեից և վարկային ծրագրերով ֆինանսավորվող շինարարական և վերականգնողական աշխատանքները և կառավարության աշխատակազմ ներկայացնել տվյալ աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2017 թվականին նախատեսված աշխատանքների վերաբերյալ:

Բացի այդ` մեկամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել «ՀՀ ճանապարհների շինարարության եւ պահպանման» հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հիմնավորումը՝ հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը, ներկայացնել առաջարկություն նշված հատուկ հիմնադրամի ֆինանսական ռեսուրսների ապահովման և հնարավոր աղբյուրների վերաբերյալ: