կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-09 20:00
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր տրանսպորտի կուրատորը չի կարողանում ներմարզային մի երթուղու որոշում կայացնել, ո՞ւր մնաց մի ամբողջ երկիր ապաշրջափակելու․ Դավիթ Մելքոնյան

Նախիջևանը Ադրբեջանին կապող կամ Հայաստանը Ռուսաստանին կապող որևիցե ճանապարհ չպետք է կառուցվի և որևիցե փոխադրում չպետք է սկսվի առանց կոնկրետ համաձայնագրեր կնքելու կամ գործող համաձայնագրերը վերանայելու՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Մելքոնյանը։

Նա համոզված է, որ չլինի անվտանգություն, չի լինի ապաշրջափակում, այնինչ այդ անվան տակ Հայաստանին միակողմանի պարտադրել են եռակողմ համաձայնագրի 9-րդ կետը։

«Որովհետև հնարավոր չէ 9 կետից 8-ը Հայաստանի համար լինի ծայրահեղ վատ, 9-րդ կետը լինի շատ հաջողված կետ։ Սա երկար ուսումնասիրության կարիք ունի»,-ասաց Դավիթ Մելքոնյանը։

Նա համոզված է, որ եռակողմ համաձայնագրում 9-րդ կետը մտցնելուց առաջ անհրաժեշտ էր նախ՝ երկկողմ տրանսպորտային համաձայնագրեր կնքել և վերանայել բազմակողմ համաձայնագրերը, որտեղ, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Ադրբեջանի Հանրապետությունը ունեն տրանսպորտային փոխադրումների իրականացման բացառություններ։

«Ասենք, ԱՊՀ անդամ-պետությունների շրջանակում մենք ունենք տրանսպորտային անվտանգության կոմպոնենտներին վերաբերող համաձայնագիր, որտեղ սահմանված է, որ նախապես պետք է տեղեկատվություն փոխանակվի երկրների միջև։ Նախատեսված է ուղևորների, տրանսպորտային միջոցների և դրանց անձնակազմերի վերաբերյալ նախօրոք տեղեկատվության փոխանակում, որը կբացառի տարբեր ոչ ցանկալի էլեմենտների ներթափանցումը տվյալ երկիր և անվտանգ փոխադրում կիրականացնի։ Այդ համաձայնագրով, օրինակ, մենք ունենք բացառություն, ինչպես նաև Ադրբեջանը ունի բացառություն։ Նման համաձայանգրերը միանշանակ պետք է սկզբից վերանայվեն»,-ասաց նա։

Դավիթ Մելքոնյանը անթույլատրելի է համարում առաջին քայլով պրակտիկ գործունեության անցնել առանց հիմնավորման, որովհետև մենք վաղը կարող ենք ունենալ բազմաթիվ խնդիրներ, երբ դրանք քննեն միջազգային դատարանները և այլն՝ չունենալով փաստաթղթային հիմնավորումներ։

Նա նշեց, որ համաձայնագրերում, ամենակարևորը, պետք է անվտանգության կոմպոնենտները հստակ լինեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի կողմից և, միանշանակ, պետք է դրվի հավասարության նշան։ Դա շատ կարևոր է, հակառակ պարագայում մեր փոխադրողները ուղղակի խոշոր վնասներ կկրեն։ Այսինքն, շատ ավելի խոշոր երկրներ, խաղացողներ միջազգային փոխադրումներում կարող են հակամրցակցային դաշտ ձևավորել։

«Օրինակ, Թուրքիայի պարագայում՝ խոշոր երկիր, խոշոր փոխադրողներ, շատ տրանսպորտային միջոցներով կարող են ուղղակի ողողել Հայաստանը և իրենց ներուժով ամբողջ փոխադրումները վերցնել։ Այսինքն, հայկական միջպետական փոխադրումներ իրականացնողները ուղղակի չեն դիմանա այդ մրցակցությանը։ Այստեղ ամենակարևորը՝ պետք է հավասարության նշան դրվի, ինչքան թուրքական կամ ադրբեջանական փոխադրողը կիրականացնի փոխադրում դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ, այնքան էլ հայկական փոխադրողը իրավունք ունենա իրականացնել»,-բացատրեց նա։

Մեկ այլ խնդիր էլ մատնանշեց «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ-ի նախագահը։ Բանն այն է, որ հայկական երկաթուղիները կոնցեսիոն կառավարման են հանձնված ռուսական կողմին, հետևաբար, ինչքան էլ մեր պատկան մարմիններն ասեն, որ իրենք քննարկում են  և ընտրելու են լավագույն ճանապարհը, դրանք բոլորը, ըստ նրա, միֆ են, քանի որ ընտրվելու է այն երկաթուղային ճանապարհը, որը կառաջարկի ռուսական կողմը։

«Քանի որ մեր հիմնական փոխադրողը ռուսական երկաթուղին է՝ «Հարավկովկասյան երկաթուղին», հետևաբար, իրենք են որոշելու։ Ինչպես նաև քաղաքական տեսանկյունից ելնելով, կարծում եմ, այստեղ քաղաքական կոմպոնենտը այնքան բարձր է, որ միգուցե նաև ռուսական կողմը ցանկանում է Վրաստանին զրկել հայկական տրանզիտի հնարավորությունից։ Այսինքն, հայկական տրանզիտը տեղափոխել այլ պետություն, օրինակ, Ադրբեջան»,-ասաց Դավիթ Մելքոնյանը։   

Նա համոզված է, որ եթե Լարսի անցակետը բաց լինի, որևիցե փոխադրողի ձեռնտու չի լինի այդ նոր ճանապարհով գնալ։

«Սա կարող է լինել ալտերնատիվ ճանապարհ, բայց մենք 2018 թ-ին ռուսական կողմի հետ քննարկում էինք նաև Լարսի անցակետին այլընտրանք ճանապարհի կառուցումը՝ ո՛չ Ադրբեջանի տարածքով։ Ես ինքս եմ ղեկավարել այդ հանձնաժողովը, ռուսական կողմը խնդրել էր մեր բեռների հոսքը տրամադրել Ռուսաստանին, որ նպատակահարմարության հարցը քննարկեինք՝ ծավալը ինչքան է։ Բայց եղավ թավշյա իշխանափոխությունը և այս ծրագիրն էլ կանգ առավ»,-ասաց նա։

Դավիթ Մելքոնյանը նկատեց, որ այս ամբողջը մի ընդհանուր կոնտեքստում է։

«Չեմ կարծում, որ մի ամսում  կարելի է վերցնել՝ կենսաբանական բջիջ չի, որ, ասենք, քնեցինք, արթնացանք, պատերազմ եղավ, մենք մեր հողերը տվեցինք, էսքան զոհ ունեցանք, դրանից հետո բջիջը կիսվեց՝ նոր կյանք եղավ, ինչպես որոշ կենսաբաններ են կարծում, որոնք տրանսպորտն են կուրացիա անում։ Նման կերպ մոտենալ հնարավոր չէ, սա լուրջ վերլուծությունների կարիք ունի»,-նշեց նա։

Այսօր մեր նախարարության տրանսպորտի կուրատորը, Դավիթ Մելքոնյանի խոսքով, չի կարողանում ներմարզային մի երթուղու վերաբերյալ որոշում կայացնել, այն դեպքում, երբ փոխադրողը չգիտի՝ ինքը պետք է շարունակի՞ աշխատել, թե՞ չշարունակի, և այդ վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում, լուրջ տույժեր, տուգանքներ և այլն։

«Բա էդ կատեգորիայի մարդիկ ո՞նց կարող են որոշում կայացնել մի ամբողջ երկիր ապաշրջափակելու մասին և այն էլ՝ դրանից Հայաստանը օգուտ քաղի»,-հռետորական հարց ուղղեց «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ նախագահը։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․