կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-28 19:41
Քաղաքական

ՀՅԴ-ին քննադատող կուսակցություններն անգամ 127 ամսվա պատմություն չունեն. Արմեն Ռուստամյան

ՀՅԴ-ին քննադատող կուսակցություններն անգամ 127 ամսվա պատմություն չունեն. Արմեն Ռուստամյան

127 տարվա ընթացքում Դաշնակցությունը նույն դեմքը, դիմագիծը, սկզբունքներն ու նպատակներն է ունեցել՝ պահպանելով իր տեսակը: Այս մասին այսօր Սևանում նախընտրական հանդիպման ընթացքում ասաց ՀՅԴ համապետական ցանկը գլխավորող, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Նրա խոսքով՝ ՀՅԴ-ն իրական կուսակցություն է, թիմ, որը չի ստանձնի որևէ գործ, եթե դրանում համոզված չլինի:

«Նույն կերպ մեր ընտրազանգվածն է եղել։ Մեզ մոտ ոչ թե ընտրազանգված է, այլ ավելի շուտ՝ համակիրներ, ովքեր միշտ մեզ հետ են եղել, ամեն օր, ամեն ժամ հետևել են Դաշնակցության ասածին, պահվածքին, քայլերին»։

Պատգամավորի խոսքով՝ շատ կուսակցություններ, որոնք քննադատում են Դաշնակցությանը կամ չեն ըմբռնել ՀՅԴ կատարածը, ոչ թե 127 կամ 27, այլ անգամ 127 ամսվա պատմություն չունեն և դեռ հայտնի էլ չէ՝ եթե վաղն իրավիճակի փոփոխություն տեղի ունենա, նրանք կմնա՞ն քաղաքական դաշտում, թե` ոչ։

Արմեն Ռուստամյանը հիշեցրեց՝ ինչ է տեղի ունեցել Ազգային ժողովի մի շարք խմբակցությունների հետ. «Հերթով նայեք. մեկը հինգ տարի առաջ մի անունով էր, հիմա ուրիշ անունով է հանդես գալիս։ Մի կուսակցություն ընդհանրապես գոյություն չունի, պառակտվեց. հինգ հոգի էին, հինգն էլ հիմա տարբեր տեղերում են։ Մեկ այլ կուսակցություն երեք տեղ է բաժանվել, մեկը «Ելք»-ում է, մեկը՝ ՀԱԿ-ում, մյուսն՝ Ազատ դեմոկրատներում։ Մյուսն էլի մի երեք-չորս տեղ է բաժանվել. մեկն ՕՐՕ է, մյուսը՝ Բարգավաճ, մյուսը՝ Հանրապետական։ Դաշնակցությունն, ինչպես եղել է Դաշնակցություն, այդպես էլ մնացել է ոչ թե այս հինգ, այլ 127 տարվա ընթացքում, իսկ սա արդեն արժեք է։ Սա մեր ընտրողների, քաղաքացիների համար հնարավորություն է, որ հավատան՝ մեր կուսակցությունը երբեք իր գույնն ու տեսակը չի փոխել։

Մենք այսօր չենք գալիս խոստումներ տալու։ Մենք եկել ենք մեր կատարած գործով։ Մենք եկել ենք՝ արդեն ճանապարհ անցած, որը մեր տարիների պայքարն է եղել»։

Ռուստամյանի խոսքով՝ նրանք, ովքեր խոսում են անարդարության դրսևորումների մասին, չեն ուզում անդրադառնալ կամ նրանց պարզապես ձեռնտու չէ խոստովանել, որ դրա հիմքում ընկած է քաղաքական համակարգը, այն համակարգը, որ ծնել է այդ անարադարությունները. «Ինչպե՞ս կարելի է վերացնել մոնոպոլիան տնտեսության մեջ՝ չվերացնելով մոնոպոլիան՝ քաղաքականության մեջ»։

Ռուստամյանը սևանցիներին վստահեցրեց, որ ապրիլի 2-ին նոր սկիզբ ենք ունենալու Հայաստանի համար, քանի որ դրա համար նախադրյալներ են ստեղծվել։

«Դրա համար ստեղծել ենք մի վիճակ, որ որևէ մեկի մտքով չանցի յուրացնել իշխանությունը, ողջ ժողովրդի ճակատագիրը որոշի մեկ հոգի, այլ դա կատարվի կոլեգիալ, հավասարակշռված, ընդդիմությունն ու իշխանությունը, միմյանց հակակշռելով, յուրաքանչյուրն իր տեղն ունենա երկրի կառավարման գործընթացներում, որ կարողանանք արդար, մտածված, մշակված և ժողովրդի շահերից բխող որոշումներ ունենալ։ Դրանից արդեն կհետևեն մյուս բոլոր խնդիրների լուծումները»,- ասաց նա։