| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայտնել ենք, որ այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ընտրողների հետ հանդիպում են ունեցել բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը:
Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Տավուշի մարզում ՀՅԴ-ի կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուներին, նշեց, որ այսպիսի թիմը պատիվ կբերի ցանկացած քաղաքական ուժի:
Ըստ նրա` ՀՅԴ-ն խորհրդարանական ընտրություններին մոտենում է մեծ պատասխանատվությամբ: «Անկախությունից հետո` 25 տարվա մեջ, մեր երկրում դրական շարժեր չեն եղել: Շատ կարևոր է, որ նախագահը գնաց սահմանադրական փոփոխությունների, և անցում ենք կատարում խորհրդարանական համակարգի: Սա եղել է ՀՅԴ-ի առաջարկով, և այլևս ունենք խորհրդարանական համակարգ»,- նշեց Մինասյանը:
Նրա խոսքով` խորհրդարանում այնպիսի մարդիկ են պետք, որպեսզի կարողանան առաջ մղել երկրի կայուն զարգացումը և անվտանգությունը: «Մեր տնտեսությունը կառուցված է նեղ տնտեսական շահի մոդելի վրա, այսինքն` միայն նեղ խմբային շահն է առաջնորդողը: Արդյունքում` մեր տնտեսության մեջ ունենք բազում հարցեր՝ մենաշնորհից սկսած, էկոլոգիական խնդիրներով վերջացրած»,- ընդգծեց Մինասյանը:
Նա անդրադարձավ երկրում առկա խնդիրներին, մասնավորապես` բնապահպանական խնդիրներին՝ նշելով, որ ընդերքը միայն այս սերնդի սեփականությունը չէ, այն մեր հասարակության սեփականությունն է: Ըստ Մինասյանի` հարկավոր է ընդերքի չարաշահումը զսպել և բնությունը վերադարձնել հայ մարդուն:
Նախարարն անդրադարձավ նաև Դիլիջանի խնդիրներին: «Դիլիջանը կարող է մրցել լավագույն զբոսաշրջային քաղաքների հետ: Ինչո՞ւ չի արվել, որովհետև առաջնորդվել են նեղ անձնական շահերով: Դիլիջանը պետք է վերականգնի տուրիստական երբեմնի հեղինակությունը: Ես հայտարարում եմ, որ մեր նպատակն այսօր սա է` վերականգնել Դիլիջանի, «Դիլիջան ազգային պարկի» ամբողջական ռեսուրսները»,- ասաց նա, ապա հավելեց. «Մենք ի վիճակի են դա անել, բայց միասնական պետք է անենք: Եթե միասնական չեղանք, արդյունք չի տա»:
Այնուհետև Մինասյանը նշեց, որ ինչքան շատ ՀՅԴ-ն ներկայացված լինի խորհրդարանում, այնքան իրենք կկարողանան նոր ծրագրեր իրականացնել: «Դրա համար մեզ ձեր աջակցությունը շատ անհրաժեշտ է: Եթե այս գաղափարները ձեզ ընդունելի են, եթե մեր թիմը ձեզ համար նախընտրելի է, ապա ապրիլի 2-ը կարող է լինել զարթոնքի սկիզբ, իսկ զարթոնք կարող է լինել ՀՅԴ-ի` պատկառելի ձայն ստանալու դեպքում»,- ասաց նա: