կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-25 13:59
Տարածաշրջան

Իրանը մտադիր է Ղազախստանից ուրանի խտանյութ գնել

Իրանը մտադիր է Ղազախստանից ուրանի խտանյութ գնել

Իրանը պատրաստվում է երեք տարվա ընթացքում ուրանի` 950 տոննա խտանյութ գնել Ղազախստանից. ըստ РИА Новости-ի` հայտնել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:

Ի դեպ, այդ թեմային նա անդրադարձել էր նաև փետրվարի սկզբին, սակայն չէր նշել, թե մատակարար երկիրը որն է:

Ըստ Սալեհիի` առաջին խմբաքանակը` 650 տոննան, կմատակարարվի երկու տարվա ընթացքում, մնացած քանակությունը` երրորդ տարում: «Ուրանի հեքսաֆտորիդ գազի վերածելուց հետո այն կուղարկվի հետ` Ղազախստան, ինչի համար Իրանը գումարը կստանա»,- ISNA գործակալությանը հայտնել է նա:

Ուրանի խտանյութի ձեռք բերման մասին հարցումն արդեն ուղարկվել է համապատասխան հանձնաժողով, որը զբաղվում է Իրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով սահմանված պատժամիջոցների վերացման հարցով: Սալեհիի խոսքով` միջազգային միջնորդների վեցյակը` Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա, գրավոր համաձայնություն է տվել, որը նույնպես ուղարկվել է հանձնաժողովին, սակայն վերջին պահին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ում նախագահի ընտրությունների և Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին, փոխել է որոշումը: «Ամեն դեպքում սպասում ենք, որ Մեծ Բրիտանիան վերջնական տեսակետ կհայտնի և գրավոր կներկայացնի»,- նշել է Սալեհին: