կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-24 19:59
Առանց Կատեգորիա

Տոտալ հարձակում ընտրողների վրա

Տոտալ հարձակում ընտրողների վրա

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր «ավետել» է, որ իրենք հաշվել ու պարզել են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառքի միջին գումարը կազմելու է 20 հազար դրամ, որի դիմաց, ինչպես, իբր, ցույց են տվել հարցումների արդյունքները, պատրաստ է ձայնը վաճառել ընտրողների 1.3  տոկոսը: Թե ինչպե՞ս են հաշվարկել ընտակաշառքի «նվազագույն դրույքաչափը» ու հատկապես՝ թե ինչի՞ համար են դա արել, Ադիբեկյանն, իհարկե, չի մեկնաբանել: Սակայն ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ «հաշվարկները» տրամաբանական չեն: Եթե, իրոք, ընտրակաշառքի դիմաց իրենց ձայները վաճառելու պատրաստ անձինք կազմում են ընտրողների ընդամենը 1.3 տոկոսը, ապա դա լրջագույն հաղթանակ պետք է համարել, որովհետև դա նշանակում է, որ եթե փողի դիմաց քվեարկողներն այդքան քիչ են, ապա Հայաստանում գործնականում ընտրակաշառքն այլևս ընտրությունների արդյունքների վրա որևէ էական ազդեցություն չունի: Իսկ եթե չունի, ապա ո՞վ է հիմար՝ ոչ միայն փող բաժանի, այլև դեռ դրույքաչափն էլ այդքան բարձրացնի: Բայց այս անհեթեթությունը դնենք մի կողմ:

Այստեղ կարևորն այն է, որ Ադիբեկյանը ոչ միայն ընտրակաշառքի նվազագույն շեմ է սահմանում, այլև դրա մասին խոսում այնքան հանգիստ, կարծես գործ ունենք Մալաթիայի շուկայում մի զույգ կոշիկի առուծախի հետ: Ցավալին այն է, որ դրանում «սոցիոլոգը» մենակ չէ: Ընտրություններին մասնակցող ուժերից շատերն են հիմա խոսում ընտրակաշառքի և դրույքաչափերի մասին: Օրինակ` ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն այսօր ասել է, թե ընտրակաշառք պատրաստ է վերցնել ոչ ավելի, ոչ պակաս, ընտրողների գրեթե կեսը: Ընտրակաշառքի մասին քննարկումները ծավալվում են ենթատեքստային մակարդակով արտահայտվող այն համոզմունքի հենքին, թե դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ: Այսինքն` ընտրություններում ներգրավված սուբյեկտներն ամեն ինչ անում են` համոզելու, որ այս ընտրություններին ևս ընտրակաշառքը և տեղամասից դուրս ընտրողներին «որսալու» բոլոր անվերահսկելի գործիքների ամբողջությունն է լինելու ընտրությունների ելքը կանխորոշող հիմնական գործոնը:

Զուգահեռաբար տեղ է ունենում մեկ այլ տարօրինակ գործընթաց: Օրակարգային է դարձվում այն հարցը, թե որքանո՞վ են այս ընտրությունները լինելու լեգիտիմ, և որքանո՞վ են իշխանությունները պատրաստ անցկացնել ժողովրդավարական ընտրություններ: Նախօրեին, օրինակ, նման թեմայով քննարկում էր կազամկերպվել «Մեդիա կենտրոն»-ում: Եվ դրան մասնակից` ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անխտիր բոլոր ուժերը, իրար հերթ չտալով, համոզում էին, թե այս անգամ ևս ընտրությունները կեղծվելու են, այսինքն` իշխանությունը ազնիվ չէ և գնում է իր վերարտադրումն ապահովելու ճանապարհով:

Փաստ է, որ ընտրական նոր օրենսգրքով կոնկրետ ընտրատեղամասում զգալիորեն նվազել են ավանդական կեղծարարության՝ կրկնաքվեարկությունների, լցոնումների, «մեռած հոգիների» քվեարկության և նմանատիպ այլ երևույթների հնարավորությունները: Խնդիրներ, իհարկե, դեռ մնում են՝ կապված հատկապես նոր կարգով քվեարկության պարագայում ընտրողի կողմից չօգտագործված քվեաթերթիկները քվեախցում դրված տուփի մեջ գցելու փոխարեն դուրս հանելու հետ. ըստ ընտրական օրենսգրքի՝ դրանք չեն հաշվարկվում: Մնացած մասով թե' քվեարկության և թե' քվեաթերթիկների հաշվարկի ողջ ընթացքը վերահսկել հնարավոր է: Ընտրությունների վրա ազդող ընտրախախտումային ամենալուրջ խնդիրները մնում են ընտրատեղամասից դուրս հարաբերությունների դաշտում, և այստեղ այդ ուժերը, իհարկե ճիշտ են: Բայց խնդիրը ոչ թե պետք է այն լիներ, թե որքանով են ընտրությունների արդյունքները կեղծվելու, այլ այն, թե ինչ պետք է անել ընտրակաշառքային և ընտրատեղամասից դուրս ընտրողների վրա ազդեցության լծակների գործոնը նվազեցնելու ուղղությամբ: Որովհետև հարցադրումը նման կերպ դնելը նշանակում է ի սկզբանե ընտրողներին համոզել, որ նրանց քվեարկությունը, ինչպես նախկինում, միևնույն է, որևէ նշանակություն չի ունենալու և չի ազդելու ընտրությունների արդյունքների վրա: Դրանից հետո որքան էլ նրան համոզես մտնել քվեախցիկ, չի օգնելու: 

Եվ ստացվում է, որ, մի կողմից, ընտրակաշառքը և դրա «դրույքաչափի» բարձրացումը միանգամայն նորմալ, բնական երևույթ համարելով, մյուս կողմից ընտրություններն ընդհանուր առմամբ իշխանության կողմից կեղծելու համոզմունք ձևավորելով` ընդդիմադիր ուժերն իրենք են տոտալ հարձակում կատարում քաղաքացիական գիտակցություն ունեցող ընտրողների վրա:

Ահարոն Ադիբեկյանն այսօր նշել է, որ, գալիք քվեարկությանն ընդառաջ, այս պահին կողմնորոշված է ընտրողների 43 տոկոսը: 36 տոկոսը բացարձակ հետաքրքրված չէ ընտրություններին մասնակցությամբ, իսկ 24 տոկոսը դեռևս չի կողմնորոշվել: Ադիբեկյանական տվյալներին, իհարկե, այնքան էլ վստահել պետք չէ: Բայց եթե առաջնորդվենք դրանցով, որոնք այս մասով թվում են ճշմարտանման, ապա ստացվում է, որ ընտրություններին չմասնակցողներն ու չկողմնորոշվածները միասին ավելի շատ են, քան կողմնորոշվածները: Պարզ է, որ վերջիններս ընտրակաշառք վերցնողները չեն, որովհետև այդպիսիներն արդեն կողմնորոշված են: Հետևաբար` այլնտրանքային ուժերի հիմնական խնդիրը լինելու է հենց այդ մնացած` 60 տոկոս ընտրազանգվածին գրավելը, «արթնացնելը», ընտրություններին մասնակցելուն շահագրգռելը: Սա այն մասսան է, որ, որակ կազմելով հանդերձ,  քաղաքական և ընտրական համակարգից հիասթափվածության, անորոշության մեջ լինելու պատճառներով մինչև հիմա թույլ է տվել, որպեսզի նաև ընտրակաշառքի միջոցով կողմնորոշվող լյումպենն իր փոխարեն իշխանություն ձևավորի:

Եվ հիմա փոխանակ այդ մարդկանց հույս ներշնչելու, որ այս անգամ հնարավոր է քվեարկության միջոցով երկրում իրավիճակ փոխել, որ յուրաքանչյուր քվե իսկապես չափազանց մեծ արժեք է ձեռք բերում, որ քաղաքական ուժերը պատրաստ են տեր կանգնել այդ քվեներին, միասնաբար նրանց կրկին մղում են հուսալքության: Եթե այդ քաղաքական ուժերն իրենք չեն հավատում, որ հնարավոր է այս նոր ստեղծված ընտրական համակարգով ու մեխանիզմներով իրավիճակ փոխել, ինչո՞ւ են դա պահանջում ընտրողներից:

Գևորգ Դարբինյան