կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-22 19:39
Հասարակություն

Միջազգային փորձագետները կրթական բարեփոխումների առաջարկ են արել կառավարությանը

Միջազգային փորձագետները կրթական բարեփոխումների առաջարկ են արել կառավարությանը

Որակի շաբաթվա երրորդ օրվա քննարկման թեման մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակի համահունչությունն էր:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, կարևորեց գործող որակավորումների ազգային շրջանակ ունենալը. «Մի բան է ունենալ թղթի վրա գրված Որակավորումների ազգային շրջանակ, բայց ավելի բարդ է ապահովել դրա իրականացումը»:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի և ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի համագործակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ընթացքում  ներկայացվեցին ծրագրի ձեռքբերումներն ու մարտահրավերները շահակից երկրներում՝ Հայաստանում, Ռուսաստանում և Ուկրաինայում:

Այնուհետև դասախոսների, ուսանողների և վարչական ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ընդհանուր քննարկում, թե ինչու և ինչպես է պետք բարեփոխել մասնագիտության կրթական ծրագրերը: Քննարկման մասնակիցները համաձայնեցին, որ ցկյանս ուսումնառությունն այլընտրանք չունի, որ տեսական կրթությունը  չի նշանակում ապագային միտված կրթություն: Անդրադարձ կատարվեց նաև պրակտիկ և տեսական կրթության համամասնությանը ՄԿԾ-ներում:

Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները կիսվեցին նաև ՈԱՇ-ի և վերջնարդյուքնների համապատասխանեցման իրենց փորձով, ներկայացրեցին ALIGN-ի շրջանակներում իրականացված մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին  գնահատումից քաղված դասերը:

Աշխատաժողովն ամփոփվեց Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարություններին ուղղված փոփոխությունների առաջարկով: Միջազգային փորձագետներն առաջարկում են հստակեցնել կրթական և գիտական աստիճանները (բակալավր, մագիստրոս, PHD)՝ համապատասխանեցնելով միջազգայնորեն ճանաչելի նկարագիրներին; յուրաքանչյուր բուհի ապահովել  բավարար ինքնավարությամբ՝  ինքնուրույն մշակելու և իրականացնելու մասնագիտության կրթական ծրագրեր; պարբերական շրջափուլերով իրականացնել մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատում; ազգային մակարդակում ավարտական կուրսի ուսանողների հարցում իրականացնել՝ պարզելու արդյոք ՄԿԾ-ների նպատակն իրականացված է և ինչ բարեփոխումների կարիք կա; ապահովել ուսանողական կառույցների ինքնավարությունը բուհերում; կազմել աշխատանք գտած շրջանավարտների տվյալների շտեմարան, ինչը կնպաստի աշխատաշուկայի կարիքները հասկանալուն և այլն:

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը փետրվարի 20-24-ը հայտարարել է  կրթության որակի ապահովման շաբաթ: Միջոցառման շրջանակներում փետրվարի 20-ին քննարկվել են ուսանողներին հուզող, իսկ փետրվարի 21-ին՝ երիտասարդ դասախոսների խնդիրները: Շաբաթը կամփոփվի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» խորագրով երկօրյա համաժողովով, որը տեղի կունենա փետրվարի 23-24-ին: