Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Աղվան Վարդանյանը հրապարակեց ցուցակի առաջին 30 անունները: Ցուցակը գլխավորելու է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, երկրորդ հորիզոնականում Աղվան Վարդանյանն է, երրորդում` Դավիթ Լոքյանը, չորրորդը Արմենուհի Կյուրեղյանն է, հինգերորդը՝ Լևոն Մկրտչյանը, այնուհետև՝ հաջորդաբար՝ Արծվիկ Մինասյան, Արմեն Բաբայան, Ռուզաննա Առաքելյան, Սպարտակ Սեյրանյան, Միքայել Մանուկյան:
Մասնագիտությամբ մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, ՎՊՀ դասախոս, Համալսարական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամ, Վանաձորի ավագանու անդամ Արմենուհի Կյուրեղյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՅԴ Գերագույն մարմինն է որոշել, որ ցուցակում է լինելու, ինքն էլ դեմ չի եղել:
Անդրադառնալով Վանաձորի ավագանու ընտրություններում ՀՅԴ-ի գրանցած արդյունքներին և այդ համատեքստում խոսելով խորհրդարանական ընտրություններում ակնկալվող արդյունքներից՝ նա նշեց, որ ՀՅԴ-ի` հաջողության հասնելու գրավականներից մեկը կուսակցությունում ներգրավված մարդկանց մտավոր ներուժն է և կուսակցության կանոնագիրը, որն, ըստ նրա, ամենաակնհայտ ժողովրդավար փաստաթուղթն է:
Մեր զրուցակիցը նաև նշեց, որ լավը դժվար է ճանապարհ հարթում, բայց այդ ճանապարհը լինում է կայուն և հաստատուն: «Ես միշտ ասում եմ, որ լավը դժվար է իր ճանապարհը հարթում, այսօրվա իրավիճակում լավը շատ ավելի դժվար է հասնում հաղթանակի: Այնպես չէ, որ լավի համար հեշտ է, որովհետև լավն իր պայքարի միջոցների ընտրության հարցում ազնիվ է: Այլ ուժեր այնպիսի միջոցներ են օգտագործում, որոնց ուղղությամբ մենք մեզ թույլ էլ չենք տա մտածել»,- ասաց նա:
Հարցին՝ ի՞նչ նախընտրական իրավիճակ է Վանաձորում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ավագանու նիստերը մշտապես բոյկոտվում են, Կյուրեղյանը պատասխանեց. «Սա առավել ևս ապացուցում է այսօրվա Վանաձորում իրենց ընդդիմություն հայտարարած ուժերի անկարողությունը: Ես համոզված եմ, որ նրանց բոյկոտի հիմքում ընկած է նրանց անկարողությունը, նրանք համոզված են, որ գան, ցույց տալու աշխատանք չեն ունենալու, և վախենում են դրանից: Նրանք այդ ուժը չունեն, որ աշխատեն, ու բնակչությունը տեսնի՝ ինչ ուժեղ են: Նրանք պարզապես ձգում են մինչև ապրիլի 2-ը` մինչև ԱԺ ընտրություններ, որ իրենց մեկ մանդատը ստանան, և դրանից հետո ամեն ինչ իր տեղը կընկնի»:
Անդրադառնալով իր՝ գիտությամբ զբաղվելուն զուգահեռ նաև ակտիվ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելուն, Կյուրեղյանն ասաց` երկու բնագավառները հեշտությամբ համատեղելու է, և մի բնագավառը մյուսին օգնելու է: «Գիտությունն իմն է, իմ արյան մեջ է: Ես իմ մտավոր ներուժը կօգտագործեմ հասարակության հետ աշխատանքի ոլորտում ճիշտ մեթոդներ ընտրելու համար: Երկուսն իրար օգնելու են, չեն խանգարելու: Ակտիվ քաղաքականությամբ զբաղվելը որևէ կերպ չի ստվերելու իմ գիտական աշխատանքը»,- նշեց նա:
Մեր զրուցակցից հետաքրքվեցինք՝ քաղաքացիների հետ ի՞նչ ձևաչափով հանդիպումներ են լինելու` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ակտիվ քաղաքականությունում ներգրավվածությունը ենթադրում է ակտիվ հաղորդակցում քաղաքացիների հետ: Նա պատասխանեց. «Կօգտագործվեն բոլոր հնարավոր քաղաքակիրթ մեթոդները` սոցիալական ցանցերի ընձեռած հնարավորություններ, բակային հանդիպումներ, եթերներ… Հնարավոր բոլոր քաղաքակիրթ մեթոդները պետք է օգտագործել` ընկերային, բարեկամական, համոզելու, վիճելու, բանավիճելու և այլ տարբերակներ»: