Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանում ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ իր որդուն բարձր պաշտոնի նշանակելու մասին` մամուլում հրապարակված տեղեկություններին: Նշենք, որ կառավարությունը հավանություն էր տվել Չինաստանում Հայաստանի առևտրային կցորդի հաստիք ստեղծելու նախագծին, իսկ մամուլում էլ տեղեկություններ էին հրապարակվել, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը լծվել է որդու՝ Հրանտ Աբաջյանի համար նոր պաշտոն ստեղծելու գործին:
«Շատ ապրեք, որ այդքան անհանգստացած եք որդուս համար: Անկեղծ ասած` ինձ թվում է, որ ձեր այդ սրտացավությունն այս պահին որևէ հիմք չունի: Կառավարությունը որոշում է կայացրել մեկ հաստիք բացել համապատասխան աշխատանքի համար, կառավարությունը որևէ մեկի անուն չի նշել, ընդամենը բացել է հաստիք: Գործընթացները դրա վերաբերյալ դեռ պիտի ընթանան, պիտի հաստատվի, ֆինասավորումը պիտի կատարվի, պետք է ընտրվեն այն մարդիկ, ովքեր կարող են այդ աշխատանքը կատարել, որից հետո պիտի համաձայնեցվի թե' մեր, թե' այդ երկրի կառավարության միջև: Այդ բոլոր գործընթացները դեռևս կատարված չեն, և բազմաթիվ մարդիկ, որ կարող են այդ աշխատանքը կատարել, դեռևս երևան չեն եկել: Ոչ մի ակնարկ այդ մասին չկա, բայց մեր սիրելի մամուլը, սիրելի լրագրողները, երևի սրտացավությունից ելնելով, մեկ ամիս առաջ իմ որդուն այլ աշխատանքի էին տեղավորել՝ առևտրային ներկայացուցիչ Եվրոպայում»,- ասաց նա:
Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ կառավարությունը բացել է հաստիք, որը խիստ կարևոր է, մի քիչ էլ` ուշացած: Նա շեշտեց, որ նախագահն այդ երկիր հաջող այց է ունեցել, համաձայնագրեր են կնքվել, որոնք պետք է կյանքի կոչվեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞վ կլինի Չինաստանում առևտրային կցորդ, Նաղդալյանը պատասխանեց, որ կընտրվի լավագույնը: «Ի՞նչ կապ ունի՝ իմ որդին է, քո եղբայրն է, հայրն է, ով է: Լավն է, համապատասխանում է էդ հաստիքին, ունի այդ հնարավորությունները, լավ»,- շեշտեց նա:
Հերմինե Նաղդալյանը նաև ընդգծեց, որ իրականությանը չեն համապատասախնում նաև այն պնդումները, թե ինքը ցանկանում է ՌԴ դեսպան նշանակվել: «Մամուլում գրողն այնպես էր գրել, կարծես հենց ինքը ագրեմանը ուղարկել էր և հեսա-հեսա պատասխանն էր ստանալու: Ես զբաղված եմ իմ աշխատանքով, ես սիրում եմ իմ աշխատանքը և խորհրդարանում այս տարիների ընթացքում որոշակի փորձառություն եմ ձեռք բերել: Այդ փորձառությունը օգտակար է և կարող է դեռ օգտակար լինել: Մեր կուսակցությունում բոլոր որոշումները կայացնում է ղեկավար մարմինը, որը իմաստուն է և քաջատեղյակ` որս որտեղ, ինչպես ենք աշխատում»,- նշեց նա: