կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-26 17:05
Տնտեսական

Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է 300 միլիոն դոլարի ներդրում

Հայաստանը Ռուսաստանից ակնկալում է 300 միլիոն դոլարի ներդրում

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ ստեղծելու` վարչապետի հանձնարարականին: 

«Ըստ նախնական պայմանավորվածությունների՝ ֆոնդի հիմնական նպատակն է լինելու  ֆինանսավորումն ու ներդրումները այն ոլորտներում, որոնք կբերեն Հայաստանի ու Ռուսաստանի միջև  ապրանքաշրջանառության բարձրացմանը, արդյունաբերության կոոպերացիայի զարգացմանը, արտահանման աճին»,- ասաց նա` հավելելով, որ առաջիկա ամիսների ընթացքում կսկսվեն  հայ-ռուսական հիմնադրամի ստեղծման աշխատանքները:

Նախարարը շեշտեց` ռուսական կողմը Հայաստանում ներդրումներ անելու հարցում շահագրգիռ է. առնվազն 300 միլիոն դոլարի ներդրումներ կներգրավվեն Ռուսաստանից: Մասնավորապես` ռուս ներդրողները հետաքրքրված են էներգետիկայի, վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և հանքարդյունաբերության ոլորտներով:

Հարցին, թե ինչո՞ւ այս տարի Հայաստանը չի մասնակցում Դավոսի տնտեսական համաժողովին, նախարարը պատասխանեց. «Մենք ամբողջովին հետևում ենք կատարված գործընթացին, սակայն, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, հնարավորություն չեղավ մասնակցելու այդ համաժողովին: Այո՛, ես համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, որ դա ներկայացվեր, սակայն դա միակ հարթակը չէ: Այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերը և բոլոր մնացած այլ ծրագրերը չեն ներկայացվելու բոլոր հետաքրքիր  և պոտենցիալ ներդրողներին»,- ասաց նա:

Կարայանը համաձայնեց, որ ներդրումների համար ընտրություններն ինչ-որ չափով խանգարող հանգամանք են, քանի որ նման գործընթացները որոշ չափով զսպող են: