կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-18 18:00
Հասարակություն

Եթե 100 միլիոն դոլարի ներդրում կատարվի, հնարավոր է «Զվարթնոց»-ում խաղատուն կառուցել. Դավիթ Հարությունյան

Եթե 100 միլիոն դոլարի ներդրում կատարվի, հնարավոր է «Զվարթնոց»-ում խաղատուն կառուցել. Դավիթ Հարությունյան

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ իրեն մահոգող երեք հարցեր գրավոր տեսքով ուղղել է կառավարությանը: Պատգամավորը նշեց` հետաքրքրվել է, թե ո՞վ է Մարզահամերգային համալիրի սեփականատերը, երկրորդը Երիտասարդական պալատի ապամոնտաժմանն է վերաբերում, երրորդ հարցը` «Զվարթնոց» օդանավակայանի նախկին շենքի ճակատագրին:

Մարգարյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց, թե «ՆՏԱԱ ինվեստ գրուպը», որին օտարվել է համալիրը, նախկինում Հայաստանում ի՞նչ գործունեություն է ծավալել, տեղական կազմակերպությո՞ւն է, թե՞ ոչ, ովքե՞ր են այդ կազմակերպության հիմնադիրները:

Անդրադառնալով Երիտասարդական պալատին` Մարգարյանը նշեց, որ կառավարության տված պատասխանում Երիտասարդական պալատի նախկին շենքն օտարվել է սնանկության գործընթացով, որի նկատմամբ կառավարությունը վերահսկողություն չունի, բայց որտե՞ղ է երաշխիքը, որ կառավարությունը չորս տարի հետո նույն բանը չի ասելու Համալիրի հետ կապված, եթե սեփականատերն իր պարտականությունները չկատարի:

«Ինձ հետաքրքիր է` Երևանի կենտրոնում կազինո կառուցելու համար հաշվի առնվե՞լ է` որքան գումար պետք է վճարվի, որքա՞ն է կազմում 85 հազար քմ հողի արժեքը և մասնավորապես` Համալիրի գինը»,- հարցրեց Մարգարյանը:

Արձագանքելով նրա ասածին` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Նշեմ, որ խոսքը վերաբերում է իրարից խիստ տարբերվող իրավական գործընթացներին: Արմատապես այլ գործընթաց է գույքի օտարումը պետության կողմից, և կարող են սահմանվել որոշակի պահանջներ, վերահսկվել այդ պահանջները, պահանջների չկիրառման դեպքում կիրառել բոլոր այն միջոցները, որոնք նախատեսվում են: Մարզահամերգային համալիրը պետք է օգտագործվի նույն ուղղությամբ, որ ուղղությամբ այժմ օգտագործվում է, բայց քանի որ կա հարակից տարածք, ապա այդ հարակից տարածքում կառավարությունը թույլ է տալիս, և այն անմիջականորեն կապված չէ Համալիրի հետ, որոշակի հյուրանոցային համալիր կառուցելը, որտեղ կկառուցվեն նաև կինոթատրոններ, ռեստորաններ, խանութներ և ժամանցի այլ վայրեր, հյուրանոց և այլն:

Նաև նախատեսվում ներդրումների չափը, որովհետև խաղատնային բիզնեսով, ՀՀ սահմանած կարգով, կարող է զբաղվել այն ընկերությունը, որը կիրականացնի հարյուր միլիոն դոլարից ավելի ներդրումներ: Եթե այս պայմանները չկատարվեն, տուգանային սանկցիաներ կարող են լինել: Մինչև վճարումը տեղի չունենա, պայմանագիրը ուժի մեջ չի մտնի»:

Մարգարյանն առաջարկեց հենց «Զվարթնոց»-ի նախկին շենքի տարածքում կազինոներ կառուցել: Հարությունյանը պատասխանեց. «Ձեր նշած ընկերությունը գրանցված է ՀՀ-ում, բայց ՀՀ-ում գործունեություն չի ծավալել, դրա համար ավելի կոշտ պայմաններ են թելադրված: Եթե հարյուր միլիոն դոլարի ներդրում կատարվի, հնարավոր է «Զվարթնոց»-ի տարածքում խաղատուն կառուցել»: