կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-26 13:54
Հասարակություն

100 միլիոն դոլարի ներդրում, ու կազինո կունենաս ցանկացած վայրում

100 միլիոն դոլարի ներդրում, ու կազինո կունենաս ցանկացած վայրում

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի` Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղի 5 հասցեում ժամանցի և հանգստի կենտրոնի կառուցման ներդրումային ծրագրին` խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կազմակերպելուն:

 

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, համաձայն որի` 2014 թվականի հունվարի 1-ից հետո խաղատուն կամ շահումով խաղ կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության արժանացած` 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վայրերում և չափանիշներին համապատասխան:

 

Ներդրումային ծրագրի հիմնավորման նպատակով ներկայացվել են «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ի ժամանցի և հանգստի կենտրոնի շինարարության` 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ տեղեկանքը, անկախ գնահատող «Էյ Էնդ Էմ Ֆայնենշլ Քոնսալթինգ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված անշարժ և շարժական գույքի գնահատման հաշվետվությունը` 2013 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ, համաձայն որի` գույքի գնահատման արժեքը կազմում է 61 միլիարդ 146 միլիոն 139 հազար 340 դրամ:

 

Նախագիծը ներկայացնող` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պարզաբանեց, որ խոսքը,  օրենքով նախանշված 4 քաղաքներից բացի, այլ բնակավայրում այդպիսի գործունեություն իրականացնելու մասին է:

 

Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, թե 100 միլիոն դոլարից ավելի ներդրում կատարվելու պարագայում ՀՀ կառավարությունը թույլ է տալիս, որպեսզի խաղատնային գործունեությամբ զբաղվեն, և սա այդպիսի առաջին դեպքն է: «Համապատասխան տեղեկանք է ներկայացվել, որ այդ ներդրումները կատարվել են, եւ ծրագրին մենք հավանություն ենք տալիս: Ստացվում է, որ հունվարի 1-ից նման գործունեություն կիրականացվի»,- նշեց Տիգրան Սարգսյանը: