Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքացի Գագիկ Ջ-ն ահազանգում է, որ օրերս իր մեքենայից խոշոր չափի գումար են գողացել «Էրեբունի» ԲԿ-ի սեփականություն հանդիսացող ավտոկայանատեղիում կայանած իր մեքենայից։ Կատարվածի առնչությամբ Yerkir.am-ը զրուցել է քաղաքացու հետ:
-Ե՞րբ և որտե՞ղ է տեղի ունեցել գողության դեպքը։
Օգոստոսի 16-ին, կեսօրին, իմ մեքենայից գողություն կատարվեց՝ պատճառելով խոշոր չափի ֆինանսական վնաս։ Դեպքը տեղի է ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնի կայանատեղիում, որը ԲԿ-ի սեփական տարածքն է: Այնտեղ հանցագործները կարողացել են առանց խոչընդոտների հասնել իրենց նպատակին։ Դեպքից անմիջապես հետո դիմել եմ ոստիկանություն, ակնկալելով նրանց օգնությունը։ Ոստիկանությունում ցուցմունք եմ տվել, համապատասխան անձը եկել է դեպքի վայր, մատնահետք է վերցրել մեքենայից, սակայն, քանի որ տեսախցիկներ առկա չեն ոստիկանությունից ինձ ասացին, որ դեպքը կարող է բացահայտվի կարող է նաև չբացահայտվի։ Խոշոր գումար են տարել, բայց այնքան արհեստավարժ կերպով, որ անգամ մեքենան չեն վնասել:
-Դիմե՞լ եք «Էրեբունի» ԲԿ-ին, այնտեղից ի՞նչ արձագանք եք ստացել առաջացած խնդրի վերաբերյալ։
-Այո, դիմել եմ «Էրեբունի» ԲԿ-ին, որպես տարածքի տնօրինող, նրանց էլեկտրոնային հասեցին գրավոր նամակ եմ ուղարկել, գրել եմ նաև իրենց ֆեյսբուքյան էջին, ակնկալելով, որ իրենցից կստանամ անհրաժեշտ օգնությունը, սակայն տվյալ հաստատությունը հրաժարվել է պատասխանատվություն կրել՝ պատճառաբանելով, որ տարածքն ահռելի է, իսկ արտաքին վերահսկողության իրականացումը՝ դժվար։ Սա նրանց պատասխանն է, որը խորը անհանգստություն է առաջացրել ինձ մոտ, քանի որ ես հիվանդանոց էի գնացել, ու մեքենաս անհրաժեշտության դեպքում էի այնտեղ կայանել։
-Կայանտեղիում հավանաբար կա անվտանգության աշխատակից, իրեն դիմե՞լ եք, ի՞նչ պատասխան եք ստացել նրանից։
-Մոտեցել եմ հիվանդանոցի կայանատեղիում աշխատող տղամարդուն, ով պատկառելի տարիքի մի պապիկ էր, ներկայացրել եմ՝ ինչ է տեղի ունեցել, ինձ ասաց՝ հա, նորմալ է, ու պատասխանից հասկանում ես, որ նման դեպքեր էլի են տեղի ունեցել, իսկ եթե տվյալ տարածքում տեսահսկում չկա՝ ուրեմն պահակը չի էլ կարող վերահսկել կայանատեղիում ելք ու մուտք անող բոլոր մեքենաները, իսկ դա նշանակում է, որ նման դեպքերը կարող են շարունակական բնույթ կրել, քանի որ տվյալ տարածքում անկազմակերպ վիճակ է տիրում։
-Ի՞նչ ընթացք եք ակնկալում դեպքի առնչությամբ։
Եթե համապատասխան մարմինները չկարողանան այն բացահայտել, ապա ստիպված եմ ինքս փորձել ինչ-որ բան անել։ Ես, որպես պատերազմի մասնակից, կյանքս նվիրել եմ մեր երկրի անվտանգությանը, բայց այսօր չեմ կարող վստահ լինել, որ մեր քաղաքացիների կյանքն ու առօրյան ապահովված են մեր հայրենիքի սրտում։ Այս անարդարությունը չի կարող աննկատ մնալ, ուստի ես որոշեցի դիմել լրատվամիջոցի միջոցով դեպքը հանրայնացնելու տարբերակին, որ սա հասնի հանրության լայն շրջանակներին, որպեսզի մեր հանրային անվտանգությունը վերաիմաստավորվի, և համապատասխան մարմինները պարտադրված լինեն պատասխանատվություն կրել ու քայլեր ձեռնարկել նմանատիպ հանցագործությունները կանխելու համար։ Հայրենասիրությունը ոչ միայն պատերազմի դաշտում է անհրաժեշտ, այլև մեր առօրյայում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ նրա իրավունքները և գույքը պաշտպանված են։
Օրը ցերեկով գողություն լինի քո սեփական մեքենայից, ու պատասխանատվություն չկրե՞ն դրա համար, բա ինչու՞ իշխանություն փոխվեց: Միայն հռետորական տեքստեր ենք լսում, բայց քաղաքում անվտանգությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում, օրը մեկի վրա կրակում են կամ մեկին թալանում: Երկրում ամենաթողություն է տիրում։
Հ.Գ. Yerkir.am-ը պատրաստ է հրապարակել նաև «Էրեբունի» ԲԿ-ի և ՆԳՆ-ի՝ դեպքի առիթով ունեցած մեկնաբանությունները, եթե, իհարկե, նշված հաստատությունները պատշաճ կերպով արձագանքեն սույն հրապարակմանը:
Անժելա Սեդրակյան