կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-25 13:14
Հասարակություն

Ամեն փոքր հարցի դեպքում պետք է բժշկի դիմել. նոր օրենքի դրական և բացասական կողմերը

Ամեն փոքր հարցի դեպքում պետք է բժշկի դիմել. նոր օրենքի դրական և բացասական կողմերը

Առողջապահական ոլորտում օրենքների խստացումները ճիշտ են, քանի որ դրանք բխում են մեր շահերից. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը` խոսելով «Դեղերի մասին» նոր օրենքում կատարված փոփոխություններին:

Ըստ նրա` այն, որ այսուհետ որոշ դեղեր բաց կթողնվեն միայն բժշկի ցուցումով և դեղատոմսով, նույնպես մեր շահերից է բխում, քանի որ նման ձևով կկանխվի ինքնաբուժությունը: «Կան դեղեր, որոնք կարելի է օգտագործել` կողմնորոշվելով, սակայն կան դեղեր, որոնք չի կարելի օգտագործել` ինքդ քեզ նշանակելով: Դեղերի` դեղատոմսով բաց թողնելը որոշ ֆինանսական խնդիրներ առաջ կբերի, քանի որ այսուհետ ստիպված կլինենք ամեն փոքր հարցի դեպքում բժշկի դիմել, սակայն կշահի մեր առողջությունը: Բոլորը պետք է իմանան, որ խորհրդատվությունն անվճար է, և միայն հետազոտություններն են վճարովի»,- ասաց Պողոսյանը:

Նրա կարծիքով` այստեղ շատ կարևոր է վերահսկող օղակների դերը, մասնավորապես` հասարակական վերահսկողության դերը պետք է մեծանա: «Կարծում եք` Լոնդոնում Լֆիկներ չե՞ն եղել, ուղղակի ժամանակի ընթացքում այդ երևույթները վերացել են, և ստեղծվել է նորմալ հասարակություն»,- նշեց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է դեղերի գրանցմանը, ապա դա, ըստ նրա, շուկայի չլուծված խնդիրներից մեկն է, որին պետք է լուծում տալ, քանի որ դա անձնագիր ունենալու պես պարտադիր բան է:

Yerkir.am-ի հարցին, թե կոռուպցիոն ռիսկ չկա՞ այստեղ, բացի այդ` նոր օրենքը կարծես լուծում չի առաջարկում բժիշկների և դեղատների համագործակցության խնդրի համար, Պողոսյանը պատասխանեց, որ սա լուրջ խնդիր է շարունակում մնալ առողջապահության ոլորտում: «Չունեմ դեղատոմս: Կարծում եմ` երևույթի լուծման ձևը գրագիտությունն է` ամեն մարդ ինքը պետք է գիտակցի խնդիրը և անի այնպես, ինչպես իրեն է ձեռնտու, ոչ թե առաջնորդվի բժշկի բանավոր խոսքով»,- ասաց նա: