Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ներկայացնելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 29-ի որոշումը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ կրթահամալիրում ստեծված իրավիճակի ու առաջացած խմդիրների ուսումնասիրության արդյունքում որոշում է կայացվել «Փոքր Մհեր» կրթահամալիր» և «Ապարանի ռազմամարզական վարժարան» ՊՈԱԿ-ների վերակազմավորման արդյունքում ստեղծել «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գործելու է «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի տարածքում:
«Մեր առաջնային նպատակն է ի դեմս Նուբարաշենի մասնագիտացված դպրոցի՝ հանրապետությունում ունենալ լավագույն մարզառազմական դպրոցներից մեկը, որն իր տեսակի և ուղղվածության մեջ պետք է դառնա գերազանցության կենտրոն: Մենք գերազանցության կենտրոնների հաջողված փորձ ունենք ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցներում: Նույն փորձն ու ադյունքն ուզում ենք ստանալ նաև այս ասպարեզում, որպեսզի հետագայում այս կարգի դպրոցներ ստեղծվեն նաև տարբեր մարզերում: Նոր դպրոցը բնույթով տարբերվելու է նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրից, որովհետև այն լինելու է Ֆիզկուլտուրայի և Նախնական զինվորական պատրաստվածության խորացված ուսուցմամբ ավագ դպրոց, որտեղ կարող են սովորել ոչ միայն պատանիներ, այլ, ինչու ոչ, նաև աղջիկներ: Իհարկե, այս դպրոցը բազային ուսումնական հաստատություն է լինելու մեր ռազմական ուսումնարանների և բուհերի համար, սակայն այն գործելու է մասնագիտացված ավագ դպրոցների կանոնադրության շրջանակում, որը զինվորական կանոնադրության խիստ պահանջներից տարբերվում է : Միաժամանակ մենք լիահույս ենք, որ նորաստեղծ դպրոցի գործունեությունը պետք է նպաստի սպորտային ուղղվածության դպրոցների ցանցի զարգացմանը, որի նպատակը ոչ թե «չեմպիոնների» պատրաստումն է, զանգվածային սպորտի և ռազմահայրենասիրական կրթության զարգացումը»,- բացման խոսքում նշել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ ընդհանրապես նեղ մասնագիտական ուղղվածություն ունեցող ավագ դպրոցների ցանցի ձևավորումը կրթական քաղաքականության առաջնահերթություններից է: Հաջողություն մաղթելով կառավարման խորհրդին՝ Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ նախկին «Փոքր Մհեր» կրթահամալիրի լավագույն կրթական ավանդույթները կտեղափոխվեն նորաստեղծ «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց», իսկ խնդիրներն ու բացթողումները կմնան անցյալում:
Անցնելով օրակարգի հիմնական հարցերին, կառավարման խորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է «Փոքր Մհեր» կրթահամալիրի կառավարման խորհրդի նախագահ և քննարկել կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը: Նիստում ներկայացվել է նաև Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի կողմից «Փոքր Մհեր» կրթահամալիրում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Կառավարման խորհուրդը որոշել է կրթահամալիրի տնօրենի պարտականությունները ժամանակավորապես դնել փոխտնօրեն Արմեն Թովմասյանի վրա:
Նշենք, որ «Փոքր Մհեր» կրթահամալիր կառավարման խորհրդի կազմը հաստատվել է ՀՀ կառավարության կողմից: Խորհուրդը մինչև «Նուբարաշենի մասնագիտացված դպրոց» ՊՈԱԿ-ը վերակազմավորման գործըթնացի ավարտն իրականացնելու է ուսումնական հաստատության ղեկավարումը:
ՀՀ ԿԳՆ