կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-23 15:25
Տնտեսական

Մեկնարկեց Վեդու ջրամբարի շինարարությունը

Մեկնարկեց Վեդու ջրամբարի շինարարությունը

«Վեդու ջրամբարի շինարարությունը շատ կարևոր նախաձեռնություն է. Սա նորանկախ Հայաստանի Հանրապետութան  պատմության մեջ կառուցվող առաջին ջրամբարն է»: Այս մասին Վեդու ջրամբարի շինաշխատանքների մեկնարկն ազդարարող միջոցառման ընթացքում ասաց ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Շինարարական աշխատանքները կմեկնարկեն արդեն այսօր ու կտևեն 48 ամիս: Ջրամբարի ընդհանուր տարողությունը 29 մլն մ³ է, դրա իշխման տակ կլինի 3200 հա ոռոգելի հողատարածք:

Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում «Վեդի» և «Արարատ» ՋՕԸ-ների պոմպակայանների իշխման տակ գտնվող շուրջ 2900 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը կփոխարինվի ինքնահոս համակարգով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ոռոգելի հողատարածքները կավելանան ավելի քան 300 հա-ով:

Ոռոգման ցանցի վերակառուցման և ցանցի արդիականացման արդյունքում կկրճատվեն ոռոգման ջրի կորուստները, ինչպես նաև՝  շահագործման ու պահպանման ծախսերը:  Համակարգի կորուստները ներկայումս գնահատվում են 40-50 % սահմանում: Ծրագրի իրականացման արդյունքում ցանցի կորուստները կկրճատվեն մինչև  15-20 %:

Վեդու ջրամբարի կառուցման արդյունքում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրապահանջարկը կնվազի շուրջ 18մլն/մ³-ով, իսկ Արտաշատի մայր ջրանցքից իրականացվող ջրառը՝ ավելի քան 11 մլն. մ³ , որը միանշանակ կբարձրացնի Արտաշատի մայր ջրանցքից ինքնահոս եղանակով ոռոգվող «Վեդի» ՋՕԸ-ի սպասարկման տակ գտնվող ևս 2800 հա հողատարածքների ջրապահովման մակարդակը: Այդպիսով, ծրագրի ազդեցությունը  կտարածվի շուրջ 6000 հա հողատարածքների վրա:

Նշենք, որ Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ` 90 մլն Եվրո ընդհանուր արժողությամբ:


ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայություն