կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-19 11:49
Առանց Կատեգորիա

«Ժառանգություն»-ն առանց ժառանգության է մնացել

«Ժառանգություն»-ն առանց ժառանգության է մնացել

Ասում են` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի վերադարձի կապակցությամբ «Ժառանգություն»-ն այսօր նիստ է  հրավիրելու եւ վճռելու իր ճակատագիրը: Կարդում եմ  լուրն ու հիշում օրերս Զարուհի Փոստանջյանի արած հայտարարությունը, թե Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշում չէ: Պատկերացրեցի՞ք: Այսինքն` ենթադրենք Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ ճիշտ կլինի, եթե իր կուսակցությունը, շեշտում եմ՝ իր կուսակցությունը, դաշինքով մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, բայց դա չի նշանակում, որ «Ժառանգություն» կուսակցության՝ Փոստանջյանի սենյակում հավաքվող մասը համաձայն է լինելու: Ու քանի որ «Ժառանգություն» կուսակցության շարքերը վերջին ժամանակներում շատ են նոսրացել, իսկ ով մնացել է, հիմնականում հավաքվում է տիկին Փոստանջյանի սենյակում, նշանակում է, որ, իրոք, այն, ինչ ասում է Րաֆֆին, պարտադիր չէ, որ ասի «Ժառանգությունը»:

Սակայն առաջացած իրավիճակը որոշ հարցեր է առաջացնում: Օրինակ` որպես ի՞նչ է հայտարարությամբ հանդես գալիս, տեսակետ հայտնում պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե նա ո'չ ՀՀ նախագահն է, ո'չ ԱԺ պատգամավոր է, ո'չ էլ, անգամ, Երեւանի ավագանու անդամ: Պարզ է, որ պարոն Հովհաննիսյանն իր հայտարարություններն ու տեսակետները հայտնում է իր իսկ կուսակցության անունից, ճիշտ այնպես, ինչպես անում են բոլոր կուսակցությունների ղեկավարները, կապ չունի` որ եւ կապ չունի` որտեղ: Հետեւաբար, եթե տիկին Փոստանջյանը պնդում է, որ պարոն Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարություններն իրենց կուսակցության պաշտոնական դիրքորոշում չեն, կնշանակի` տիկին Փոստանջյանի ընկալմամբ, պարոն Րաֆֆի Հովհաննիսյանը այլեւս կամ վաղուց պաշտոնապես չի ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը, սփյուռքահայ դիտորդ է կամ պարզապես սփյուռքահայ: Այլ հարց է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը իսկապես կարող է իր տեսակետները հայտարարելուց առաջ կուսակցության հետ խորհրդակցություն չանցկացնել եւ առանց իմանալու անդամների հավաքական դիրքորոշումն ինքնաբուխ հայտարարություններով հանդես գալ: Բայց կներեք, դա նշանակում է, որ պարոն Հովհաննիսյանը միայն դե յուրե է զբաղեցնում կուսակցության նախագահի պաշտոնը, իսկ իրականում կուսակցության պաշտոնական դիրքորոշում հայտնել չի կարող:

Ի դեպ, ո՞վ է կարող: Այսինքն` ո՞ւմ տեսակետն է, որ «Ժառանգություն» կուսակցության պաշտոնական դիրքորոշումն է: Օրինակ` «Ժառանգություն» կուսակցության շենքի պահակի տեսակետը /եթե, իհարկե, պահակը եւս չի լքել այդ կուսակցության շենքը/ կարո՞ղ է համարվել կուսակցության պաշտոնական դիրքորոշում, իսկ ընդունարանում աշխատող աղջկա տեսակե՞տը…

Մեծ հաշվով` ես չգիտեմ, թե ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցության անունը դրեց հենց «Ժառանգություն», բայց գիտեմ, որ այսօր այդ կուսակցությունից ոչ մի ժառանգություն չի մնացել: Լիքը խնդիրներ կան, ինտրիգներ կան, ներքին պառակտում կա, եւ երբ այս ամենի մասին հետաքրքրվում ես, ենթադրենք «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից, մարդը շատ հանգիստ դեմքով պատասխանում է. «Այն, ինչ տեղի է ունենում «Ժառանգություն»-ում «Ժառանգությանը» բնորոշ է»:

Չէ, մենք հակառակը չենք ասում, պարզապես մենք վաղուց էինք դա ասում:

Հովիկ Աֆյան