կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 15:30
Արցախ

Արցախի ԱԺ-ն համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Արցախի ԱԺ-ն համաձայնություն է տվել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ հունվարի 17-ին գումարվել է արտահերթ նստաշրջան:

Օրակարգը, կանոնակարգի համաձայն, առաջարկել են նախաձեռնողները. դրանում ընդգրկված էր մեկ հարց` Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկումը: Նախագծի քննարկումը ընդմիջվել էր 2016թ.-ի դեկտեմբերի 29-ի` ԱԺ լիագումար նիստում:

Արտահերթ նստաշրջանի բացման խոսքում ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի ղեկավար Աշոտ Ղուլյանն ամփոփել է քննարկումների ընդմիջումից հետո մասնագիտական հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքը և նշել, որ մանրամասնորեն քննության են առնվել խմբակցությունների և պատգամավորների առաջարկությունները, որոնց արդյունքները հունվարի 13-ին առանձին-առանձին ներկայացվել են առաջարկությունների հեղինակներին:

Այնուհետև առաջարկությունների մասին համառոտ վիճակագրություն է ներկայացրել մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրության նախագիծը Ազգային ժողովում ներկայացնելու համար նախագահի պաշտոնական ներկայացուցիչ, ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը:

Այսպիսով՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի վերաբերյալ խմբակցություններից և պատգամավորներից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստացած առաջարկությունների պատկերն հետևյալն է .

«Հայրենիք» խմբակցություն՝ 1

«Դաշնակցություն» խմբակցություն՝ 36

«Շարժում-88» խմբակցություն՝ 38

Լյուդմիլա Բարսեղյան՝ 3

Արմո Ծատրյան՝ 11

Վարդգես Բաղրյան՝ 13

Դավիթ Մելքումյան՝ 4

Արթուր Թովմասյան՝ 1

Ռամելա Դադայան՝ 2

Գագիկ Պերրոսյան և Արսեն Առստամյան՝ 75

«Ընդհանուր առմամբ ներկայացվել է 184 առաջարկություն, որից 19-ը, բովանդակային առումով, կրկնվող էր:

Ներկայացված առաջարկություններից ընդունվել է 30-ը, որից 17-ն` ամբողջությամբ, 13-ը՝ մասնակի: Չի ընդունվել՝ 154 առաջարկություն, որից 13-ը՝ սահմանադրության հայեցակարգային սկզբունքներին չհամապատասխանելու, 25-ը փոխկապակցված և  հիմնական առաջարկությանը չհամապատասխանելու հիմնավորմամբ»,- ներկայացրել է Արարատ Դանիելյանը:

Նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ Սահմանադրության նախագիծը ենթարկվել է մասնագիտական և լեզվաբանական փորձաքննության:

Քննարկումը շարունակվել է մտքերի փոխանակման փուլից, որի ընթացքում նախագծի վերաբերյալ տեսակետներ են հայտնել ԱԺ բոլոր խմբակցությունները և մի խումբ պատգամավորներ:

«Այստեղ քաղաքական ուժերի և առանձին պատգամավորների մրցապայքար չէ: Մենք բոլորս էլ շահագրգռված ենք, որ մեր երկիրն ունենա ավելի լավ Սահմանադրություն, քանի որ մենք արդեն որոշակի ավանդույթներ ունենք այդ բնագավառում և այդ հասունությունը պետք է երևա հենց 2017թ.-ին Սահմանադրություն ընդունելիս»,-ընդգծել է մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:

Սահմանադրության նախագիծը ներկայացնելու համար եզրափակիչ ելույթով հանդես է եկել նախագահի ներկայացուցիչ Արարատ Դանիելյանը, ով ներկայացրել է այն հիմնական փոփոխությունները, որոնք տեղ են գտել Սահմանադրության նախագծում ԱԺ խմբակցությունների և պատգամավորների առաջարկություններով:

Հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետը՝ նախագահի ներկայացուցիչն առաջարկել է՝ ԱԺ որոշմամբ համաձայնություն տալ Հանրապետության Նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա փոփոխված նախագիծը հանրաքվեի դնելու հարցին:

Նիստին ներկա 28 պատգամավորները 20 կողմ, 7 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել են ԼՂՀ ԱԺ-ը որոշումը՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու Հանրապետության Նախագահի նախաձեռնությանը համաձայնություն տալու մասին:

 ԼՂՀ ԱԺ