կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 12:20
Իրավական

Վարդանանց փողոցում դանակահարված 18-ամյա երիտասարդին վիրահատել են

Վարդանանց փողոցում դանակահարված 18-ամյա երիտասարդին վիրահատել են

Երեկ Վարդանանց փողոցում մոտ մեկ տասնյակ երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի արդյունքում դանակահարված 18-ամյա Րաֆֆի Մարտիրոսյանին վիրահատել են: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Հերացի թիվ մեկ համալսարանական հիվանդանոցի մամլո խոսնակ Տաթև Գրիգորյանը:

18-ամյա տղան հիվանդանոց էր տեղափոխվել ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ: Նա վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի միկրովիրաբուժության բաժանմունք:

Հիվանդի վիճակը բժիշկները գնահատում են բավարար:

Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ ժամը 15.30-ի սահմաններում, «Շտապ օգնություն» ՓԲ ընկերության «Կենտրոն ենթակայանից» ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում հայտնաբերվել է Վահե Մուրադյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով, իսկ մեկ այլ երիտասարդ՝ Րաֆֆի Մարտիրոսյանը, «ձախ սրունքի առաջնային մակերեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ, նույն հասցեից տեղափոխվել է «թիվ 1 համալսարանական հիվանդանոց»:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 112-րդ հոդվածի 1-ին մասերով, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Պարզվել է, որ ժամը 15-ին Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակում Կարեն Չ.-ն, Գևորգ Տ.-ն և 1999 թ. ծնված Քաջիկ Հ.-ն վիճաբանել են Վ. Մուրադյանի, Րաֆֆի Մ.-ի, Դավիթ Մ.-ի, Սերգեյ Գ.-ի, 1999 թ. ծնված Անրի Ա.-ի հետ, որի ժամանակ Կարեն Չ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Վ. Մուրադյանի կրծքավանդակի ձախ կեսին` պատճառելով մահ, և Րաֆֆի Մ.-ի ձախ սրունքին` պատճառելով մարմնական վնասվածք: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի բնակիչ, ԵՊՀ ուսանող Կարեն Չատիկյանը:

Ձեռնարկվում են միջոցառումներ Քաջիկ Հ.-ին, Անրի Ա.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: