կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-19 12:10
Հասարակություն

Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ կրակողը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է. կա նաեւ դանակահարված

Ամիրյան փողոցում միջադեպի ժամանակ կրակողը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է. կա նաեւ դանակահարված

Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրակողը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է․ հաղորդում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ՝ 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ՝ 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի՝ 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք; Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում,  «Նաիրի»  բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները  պարզել են, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է  35-ամյա Նարեկ Կարապետյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին,  հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայքի տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է: