կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-10 11:26
Հասարակություն

Ինչպե՞ս է մեր կողմում հայտնվել այդ դին, սա էլ է, չէ՞, ապացույց. Դավիթ Բաբայանը՝ համանախագահներին

Ինչպե՞ս է մեր կողմում հայտնվել այդ դին, սա էլ է, չէ՞, ապացույց. Դավիթ Բաբայանը՝ համանախագահներին

Տեղեկացրել էինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է, որ Բաքուն և Երևանը շարունակում են միմյանց մեղադրել 2016-ի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին ներխուժման փորձի համար, որի հետեւանքով եղել են զոհեր։ Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ վերադարձնել աճյունները՝ հաշվի առնելով տվյալ հարցի` բացառապես մարդասիրական բնույթը։ 

Yerkir.am-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ  համանախագահների կազմի փոփոխությունից հետո սա առաջին հայտարարությունն է, և նրանք փորձում են ինչ-որ կերպ հավասարակշռությունը պահպանել, ինչն այնքան էլ ճիշտ չէ:

«Մենք միշտ ասել ենք` եթե ինչ-որ կողմ մեղավոր է, պետք է հասցեական հենց նրան էլ ուղղեն մեղադրանքներն ու ասեն` այստեղ, այս պահին և այսինչ տարածքում նման քայլեր են կատարվել և դրա համար պետք է պատասխան տաք: Եթե Ադրբեջանը դեկտեմբերի 29-ին ներխուժման փորձ է իրականացրել` ուղարկելով իր հատուկջոկատայիններին, որոնք եկել ու կատարել են իրենց գործողությունները, ինչն ապացուցված է, և որևէ մեկը չի կարող դա ժխտել, պետք է դրա համար գոնե մեղադրվի: Համանախագահները փաստացի չեզոք դիրք են գրավում, բայց իրականությունն այն է, որ խնդիրը պետք է ավելի խորությամբ դիտարկել, այնպես անել, որպեսզի էլ ավելի չբարդանա իրավիճակը»,- ասաց Բաբայանը:

Նա նշեց նաև, որ հիմա էլ ավելի կարևոր է, որպեսզի հասցեական հնչեն մեղադրանքները: Իսկ եթե հասցեական չեն, ապա, Բաբայանի հավաստմամբ, հայտարարությունները դրականորեն չեն ազդում իրավիճակի կամ կայունության ու խաղաղության պահպանման վրա:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակի համոզմամբ` ավելի ճիշտ կլիներ, որ համանախագահները նախ դիմեին ՀՀ պաշտպանության նախարարությանը և գոնե տեղեկություններ փորձեին հայթայթել: «Այդ դին մեզ պետք չէ, և ուշ, թե շուտ այն վերադարձնելու ենք: Սակայն խնդիրն այն է, որ այդ դին ապացուցում է, որ մեղավորն Ադրբեջանն է: Համանախագահների կողմից ուղարկված փորձագետները պետք է գային ու տեղում մի շարք հարցեր պարզեին, որ, օրինակ, դին պատկանում է ադրբեջանական հատուկ ուժերի ներկայացուցիչներին, ով հատուկ պարապմունքներ է անցել, և պետք է պարզեին` ինչպե՞ս է մեր կողմում հայտնվել այդ դին: Սա էլ է, չէ՞, ապացույց: Եթե փորձ է արվում այս ամենին օբյեկտիվորեն մոտենալ, կարծում եմ` ճիշտ կլիներ` գային ու տեղում ծանոթանային այդ ամենին»,- ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխությանը, նրանց աշխատաոճում որևէ էական փոփոխություն չկա, Բաբայանը պատասխանեց, որ հայտարարության մեջ ոչ թե պետք է հակահայկական կամ ադրբեջանամետ մոտիվներ փնտրենք, այլ նրանք պարզապես փորձում են հավասարակշռություն պահպանել, ինչն ինքնին արդյունավետ չէ: