Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ է ընտրվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը զբաղեցնում էր նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով ՀՀԿ տարածքային կազմակերպության՝ վերջերս կայացած խորհրդի նիստի ընթացքում ինքնաբացարկ էր հայտնել:
Yerkir.am-ը ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեց՝ մտավախություն չունե՞ն, որ Սուրիկ Խաչատրյանի՝ այդ պաշտոնից հեռանալը կարող է պատճառ դառնալ, որ սյունեցիները քիչ քվեարկեն ՀՀԿ-ի օգտին, քանի որ Խաչատրյանը կարողանում էր ձայներ ապահովել սեփական կուսակցություն համար: Ավետիսյանի խոսքով՝ ՀՀԿ-ն, ինչպես ցանկացած որոշում, այնպես էլ այս որոշումն ընդունելիս ծանրութեթև է արել: «Հավատացեք՝ ՀՀԿ-ն շատ լավ ծանրութեթև է անում, նոր փոփոխություններ անում: Հետո` Սուրիկ Խաչատրյանը, անկախ նրանից` տարածքային կառույցի ղեկավար կլինի, թե չի լինի, ունի համապատասխան ներուժ, և իր ներուժը կօգտագործի կուսակցությանը օգտակար լինելու համար: Այնպես որ` այստեղ ավելի շատ կա անձի գործոնը: Կարող է տարածքային կառույցի ղեկավար լինել, բայց չկարողանալ լուրջ բան անել, բայց կարող է տարածքային կառույցի ղեկավար չլինել, բայց օգտակար լինել: Հիմա այստեղ խոսքը Սուրիկ Խաչատրյան անձի մասին է, ով ցանկացած ժամանակ հնարավորություն ունի իր կուսակցությանն օգտակար լինելու»,- ասաց ՀՀԿ-ականը:
Դիտարկմանը՝ եթե Սուրիկ Խաչատրյանից եք ակնկալում ներուժի կիրառում, այդ դեպքում ստացվում է՝ Վահե Հակոբյանի նշանակումը ձևական էր, և էական ակնկալիքներ չկան նրանից, Ավետիսյանը պատասխանեց. «Երկար տարիներ Սուրիկ Խաչատրյանը եղել է ՀՀԿ-ի անդամ, մարզային կառույցի և կուսակցության ակունքներում եղած մարդ է: Նա հիմա էլ կշարունակի օգտակար լինել կուսակցությանը: Վահե Հակոբյանն էլ մարզպետ է, նաև` տարածքային կառույցի ղեկավար, բնական է, որ իր ունեցած հնարավորությունները պետք է օգտագործի, որ իր ընտրատարածքում ձայներ բերի: Դա նորմալ երևույթ է»:
Պատգամավորը նշեց նաև, որ Սուրիկ Խաչատրյանից ՀՀԿ-ի ակնկալիքները չեն փոխվել: «Նա անձ է, ով ունի հնարավորություն, երկար տարիներ աշխատել է, ունի հեղինակություն և կարող է իր հեղինակությունով օգտակար լինել կուսակցությանը»,- ասաց ՀՀԿ-ականը:
Ի դեպ, Yerkir.am-ը կապ հաստատեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ, ով չցանկացավ պատասխանել որևէ հարցի` նշելով, որ զբաղված է և ժամանակ չունի: