Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղինակավոր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում գնահատել է երկրի ներքաղաքական իրավիճակն Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարության ստորագրումից հետո:
Yerkir.am-ը հարցազրույցը ներկայացնում է ստորև.
-Ձեր ստորագրած եռակողմ հայտարարությունը բուռն բողոքի ցույցերի ու նույնիսկ Ձեր հրաժարականի պահանջի պատճառ դարձավ Հայաստանում: Նշվում էր անգամ, որ դուք նույնիսկ ժամանակավորապես լքել եք երկիրը: Արդյո՞ք դա այդպես է: Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ում առկա ներքաղաքական իրավիճակը ու արդյո՞ք դա սպառնում է խափանել ձեռք բերված պայմանավորվածությունները:
-Դուք գիտեք, որ մենք ներքաղաքական լարվածություն ունենք, բայց ճշմարտությունն այն է, որ ընդդիմության կողմից հնչեցվող կոչերը լայն արձագանք չեն ստացել հայ հասարակության շրջանում: Եվ ես այն կարծիքին եմ, որ իշխանության հարցը, որը ձևավորվել է ժողովրդի կողմից, կարող է որոշվել միայն ժողովրդի կամարտահայտության միջոցով: Փաստն այն է, որ ընդդիմության կողմից արված կոչերն աջակցություն չեն ստանում հայ հասարակության կողմից: Սա անհրաժեշտ է արձանագրել:
-Ինչ վերաբերում է ժողովրդի կամարտահայտությանը, ապա առավել ժողովրդավարական ձևն ընտրություններն են: Հնչեցվում են նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոչեր: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում, ինչպե՞ս եք գնահատում այդ հնարավորությունը:
-Այժմ ՀՀ կառավարության ու բոլոր քաղաքական ուժերի առաջնային խնդիրը պետք է լինի Հայաստանի Հանրապետության լիարժեք կայունության՛ ինչպես նաև անվտանգության վերականգնումը: Ես նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլև արտաքին անվտանգությունը: Ես վեց ամսվա ճանապարհային քարտեզ հրապարակեցի, ու հաջորդ վեց ամսվա ընթացքում մենք պետք է աշխատենք իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Ես նկատի ունեմ քաղաքական իրավիճակը, անվտանգության իրավիճակը, տնտեսական կայունությունը: Այս ամենից հետո մենք կխորհրդակցենք մեր հասարակության, մարդկանց, քաղաքական ուժերի հետ ու որոշում կկայացնենք հետագա իրադարձությունների ու հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչ պետք է անենք հետագայում:
-Ինչպես նշեցիք, հասարակության զգալի մասը չի աջակցում բողոքական տրամադրություններին...
-Դա չի նշանակում, որ բոլորը գոհ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում ներկա իրավիճակից, Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակից և այլն: Անկեղծ ասած, ես էլ այդքան գոհ չեմ, մենք բոլորս ենք դժգոհ այն իրավիճակից, որն ունենք: Բայց մենք պետք է հասկանանք, թե ինչ այլընտրանքներ ունենք: Մենք պետք է աշխատենք ոչ թե իրավիճակն ավելի սրելու, այլ իրավիճակը կայունացնելու, բարելավելու համար: Եվ, ինչպես ասացի, նկատի ունեմ ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին կայունությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ տնտեսական անվտանգությունն ու կայունությունը, և մենք պետք է կենտրոնանանք այս հարցերի վրա: Սա չի նշանակում, որ կառավարությունն այն տեսակետին է, որ ամեն ինչ հիասքանչ է, ու ամեն ինչ կարգին է: Հակառակը, մենք կարծում ենք, որ նախ պետք է չսրել իրավիճակը, այն ավելի վատը չդարձնել:
Այժմ մեր առջև բազմաթիվ հարցեր են դրված` Լեռնային Ղարաբաղի` Արցախի քաղաքացիներին իրենց տներ վերադարձնելու վերաբերյալ: Անհրաժեշտ է որոշակի սոցիալական երաշխիքներ ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ու իրենց տները կորցրած մարդկանց համար: Պետք է կայունացնել Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը:
Դժբախտաբար, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համավարակը շարունակվում է: Այսինքն` մեր ընդհանուր նպատակը պետք է լինի իրավիճակի կայունացումը, ու դրանից հետո մենք պետք է որոշում կայացնենք, թե ինչպես վարվել հետագայում:
-Այդ բողոքական տրամադրությունները, որոնք մենք Ձեզ հետ նշեցինք, արդյո՞ք դրանք չեն սպառնում խափանել նոյեմբերի 10-ին ձեռք բերված պայմանավորվածությունները:
-Չեմ կարծում, քանի որ հայ հասարակությունը համաձայն է, որ այն իրավիճակում, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, որևէ իրական այլընտրանք չկար, որն ավելի լավը կլիներ մեզ համար: Այսինքն, իմ համոզմամբ, հայ հասարակության մեջ ստորագրված փաստաթղթի հենց այս ընկալումն է:
Այլ հարց է, որը մենք դեռ պետք է վերլուծենք, հասկանանք ու պատասխանենք այն հարցերին, թե ինչու ամեն ինչ տեղի ունեցավ և ինչու մենք նման իրավիճակի հանգեցինք: Բայց այն, որ նոյեմբերի 9-ի դրությամբ պարզապես այլընտրանք չկար, կարծում եմ, իրավիճակի նման ընկալում հայ հասարակության մեջ կա: