կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-23 17:55
Իրավական

ԴԱՀԿ աշխատակիցները մեղադրվել են պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

ԴԱՀԿ աշխատակիցները մեղադրվել են պաշտոնեական լիազորություններն անցնելու համար

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված լրիվ և բազմակողմանի նախաքննության արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության նախկին աշխատակիցներ Ֆելիքս Պողոսյանն ու Էդվարդ Իսկանդարյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը և կատարել այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակից:

Քննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորքի բաժնի հարկադիր կատարող Ֆելիքս Պողոսյանի վարույթում գտնվող արգելադրված բնակարանի` 2013թ.-ի փետրվարի 19-ին կայացած հարկադիր աճուրդում հաղթող է ճանաչվել Կորյուն Բունիաթյանը, ով նույն օրն ամբողջությամբ վճարել է լոտի գնման արժեքը` 412.000 ՀՀ դրամ: Ֆ. Պողոսյանը պարտավոր է եղել աճուրդում հաղթած մասնակցի կողմից գնման գինը ծառայության ստորաբաժանման դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին մուծելուց հետո` եռօրյա ժամկետում, վերջինիս հետ կնքել առուվաճառքի պայմանագիր: Սակայն Ֆ.Պողոսյանն անտեսել է այդ կապակցությամբ Կ. Բունիաթյանի ներկայացրած օրինական պահանջը և, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, տարբեր անհիմն պատճառաբանություններով ձգձգել և վերջինիս հետ չի ստորագրել կայացած աճուրդի արձանագրությունն ու բնակարանի առուվաճառքի մասին պայմանագիրը: Այնուհետև` երեք օրն անցնելուց հետո, առանց օրենքով սահմանված հիմքի, ապօրինի որոշում է կայացրել կրկնակի հարկադիր աճուրդ նշանակելու մասին, որին մասնակցել և հաղթել է մեկ այլ անձ:

Նախաքնության ժամանակ պարզվել է նաև, որ Կ.Բունիաթյանը աճուրդի արձանագրությունն ու առուվաճառքի պայմանագիրը ստորագրելու համար միաժամանակ դիմել է  Էդվարդ Իսկանդարյանին, ով այդ ժամանակ զբաղեցրել է ԴԱՀԿ ապահովող ծառայության Ավան և Նոր-Նորքի բաժնի պետի պաշտոնը: Վերջինս, սակայն, անտեսել է քաղաքացու դիմումը: Ավելին` իր և Ֆ. Պողոսյանի աշխատանքում առկա թերություններն ու բացթողումները թաքցնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, բաժնի պետ Է. Իսկանդարյանը չի կատարել իր ծառայողական պարտականությունները և միջոցներ չի ձեռնարկել հարկադիր կատարողի կայացրած ապօրինի որոշումը վերացնելու ուղղությամբ:

Քննությամբ հիմնավորվել է, որ ԴԱՀԿ աշխատակիցներն իրենց գործողություններով էական վնաս են պատճառել ինչպես Կորյուն Բունիաթյանի իրավունքներին ու օրինական շահերին, այնպես էլ պետության օրինական շահերին: Մասնավորապես, այս ամենի հետևանքով հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունը, խաթարվել հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման և կատարման օրինական գործընթացը, Կ.Բունիաթյանն էլ զրկվել է աճուրդով ձեռք բերված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու իրական հնարավորությունից: Բացի այդ, պետությանը պատճառվել է գույքային վնաս, այն է՝ դատարանի վճռի հիման վրա ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ստիպված է եղել Կորյուն Բունիաթյանին վերադարձնել աճուրդին մասնակցելու համար նրա մուծած կանխավճարի կրկնապատիկը:

Պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար Էդվարդ Իսկանդարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ  Ֆելիքս Պողոսյանին` 309 հոդվածի 1-ին մասով, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: