Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Օբյեկտիվ մարդ եմ, բայց չեմ միանա կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծին»,- Yerkir.am-ի հարցին` օբյեկտիվորեն դատելով` հնարավո՞ր է, որ որոշ ՀՀԿ-ական պատգամավորներ, դժգոհ լինելով կառավարության գործունեության արդյունքներից, միանան ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի նախաձեռնությանը` անվստահություն հայտնել կառավարությանը, պատասխանեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Հակով Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով` ԱԺ-ում գոյություն ունի քաղաքական մեծամասնություն, որն էլ տալիս է իր գնահատականը այս կամ այն հարցին: Պատգամավորը կարծում է, որ քաղաքական մեծամասնությունը գոհ է կառավարության գործունեությունից, որովհետև կառավարությունը իրականացնում է քաղաքական մեծամասնության կողմից հաստատված օրենքները:
Ինչ վերաբերում է խորհրդարանական 4 ուժերի` կառավարությունից ունեցած դժգոհությանը, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ընդդիմությունը դժգոհ է, թող արտահայտի իր դժգոհությունը»:
Ըստ նրա` կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող որոշ քաղաքական ուժեր պետք է դեմ խոսեին այն ժամանակ, երբ օրենքի մասին մի քանի տարի առաջ քննարկումներ էին գնում: «Թող էդքան դրական-դրական չխոսեին ու պայքարեին: Դաշնակցությունից էլ են կողմ եղել այս օրենքին, ԲՀԿ-ից էլ, միայն «Ժառանգությունն» է դեմ եղել»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ եթե քաղաքական ուժն ընդդիմություն է, ուրեմն միշտ պետք է ընդդիմություն լինի:
«Պատգամավորի վերջին հայտարարությունն առնվազն ապատեղեկատվություն է, որովհետև ՀՅԴ-ն այդ օրենքին երբեք կողմ չի արտահայտվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշեց, որ նման հայտարարության համար անհրաժեշտ են փաստեր ու ապացույցներ: Իսկ փաստն այն է, որ Դաշնակցությունը երբեք կողմ չի արտահայտվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: