Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ պետական բյուջեի 30 տոկոսից մի փոքր ավելին ուղղված է սոցիալական պաշտպանության ոլորտին: Պատասխանելով հարցին, թե հաջորդ տարի սովորական քաղաքացու կենսամակարդակն իջնելո՞ւ է, նո՞ւյնն է մնալու, նախարարը նշեց, որ բարձրանալու է:
«Ես կարծում եմ, որ հաջորդ տարվա ծրագրի շրջանակներում այն բոլոր ուղղությունները, որ ներկայացված են, պետք է սոցիալական բեռի թեթևացման բերեն»,- ասաց նա:
Անդրադառնալով աղքատության չափմանը՝ Ասատրյանը նշեց, որ այդ չափումն իրականացնում է ԱՎԾ-ն՝ Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ՝ յուրաքանչյուր տարի տնային տնտեսությունների ամբողջացված հետազոտությունների տվյալների հիման վրա: Բնակչության կենսամակարդակի բարելավման հետ կապված տոկոսային գնահատականնների մասին խոսելով՝ նախարարը նշեց, որ այդպիսի գնահատականներ տալը տեղին չէ և ոչ մասնագիտական: Նա բացատրեց, թե, «բարելավում» ասելով, ինչ նկատի ունի:
«Ես նկատի ունեմ այն ուղղությունները, որ, մասնավորապես, էլեկտարէներգիայի և գազի սակագնի տարբերակված մոտեցման հետ է կապված՝ սոցիալապես անապահով ընտանիքների մասով, նաև այն ուղղությունները՝ նույն սակագների հետ կապված, մասնավորապես` ջերմոցային տնտեսությունները և գյուղմթերքի մշակումը, և եթե ամբողջ շղթան դիտարկենք, այն բացառապես ուղղված է լինելու սոցիալական խնդիրների լուծմանը, որովհետև գյուղոլորտում շատ արտադրողներ ունենք, և դա խթան է, որ քաղաքացիներն իրենց աշխատանքի արդյունքում լրացուցիչ եկամուտներ ստանան: Դա իսկապես խթան է, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ արվեն»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր այն ծրագրերը, որոնք շարունակական բնույթ են կրելու, հնարավորություն կընձեռեն թեթևացնելու քաղաքացիների սոցիալական բեռը:
Դիտարկմանը, թե ֆինանսենրի նախարարն ասաց, որ կենսաթոշակների և աշխատավարձերի հետագա բարձրացումը զոհաբերել են կայունության համար, և հարցին՝ սոցիալական կայունությունն ինչպե՞ս է ապահովվելու այն պարագայում, երբ աղքատության և գործազրկության մակարդակը բարձրանում է, Ասատրյանը պատասխանեց. «2017 թվականի բյուջեի առանձնահատկությունները պայմանավորված են այն ուղղություններով , որոնք մենք ունենք: Այն սահմանափակումները պետք է հաշվի առնենք, որը կա, մի դեպքում, պարտքի առումով, մյուս դեպքում՝ հնարավոր եկամուտների առումով: Հետևաբար, երբ իրականացվում է պետական բյուջեում համապատասխան ծախսային քաղաքականության միջոցների բաշխում, հաշվի են առնվում բոլոր առաջնահերթությունները: Սոցիալական պաշտպանության ոլորտը եղել է, կա և միշտ կլինի առաջնահերթություն: Պաշտպանության ոլորտը, բնականաբար, շարունակելու է մնալ առաջնահերթություն, այսինքն՝ այն ծախսային ուղղությունները, որոնք առաջնահերթություններ են, վստահ եղեք, որ առաջին հերթին ուղղվում են այդ ոլորտներին»:
Անդրադառնալով կենսաթոշակների թեմային՝ նախարարը նշեց, որ եթե 2017 թվականի պետական բյուջեում պայմանական 30 միլիարդ լրացուցիչ միջոց չի գտնվել՝ կենսթոշակների չափերի բարձրացման համար, սա արտահայտվել է նաև ծախսային քաղաքականության վրա:
«Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, դա պետական համակարգի արդյունավետությանն ուղղված ռեալ քայլ է և անհրաժեշտություն, բայց դրանք այն միջոցները չեն, որոնք սոցիալական պաշտպանության ոլորտում կարող են էապես բարելավել սոցիալական որևէ խմբի կարիքները, դրանք աննախադեպ բաներ են»,- ասաց Ասատրյանը:
Դիտարկմանը՝ գազի գնի բարձրացումից հետո 1000 դրամ բարձրացվեց անապահովների գումարը, և հարցին՝ հիմա հնարավո՞ր է գազի գնի իջեցումից հետո այդ 1000 դրամները հետ վերցվեն, Ասատրյանը պատասխանեց. «Ես նշեցի, որ 2017 բյուջեի նախագծում 1.1 միլիարդից ավելի միջոց հատկացված է կենսամակարդակի բարձրացմանը, այսինքն՝ այն ինչ ավելացվել է, դրան համապատասխան միջոցներ են ավելացվել 2017 թվականի բյուջեում»: