կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-02 15:56
Հասարակություն

Կարմիր գծերի տարածքում կայանելու համար գանձումները չեն տեղավորվում ո’չ «տուրք», ո’չ «վճար» հասկացությունների մեջ

Կարմիր գծերի տարածքում կայանելու համար գանձումները չեն տեղավորվում ո’չ «տուրք», ո’չ «վճար» հասկացությունների մեջ

Այսօր ԱԺ տարածքային կառավարման հարցերի հանձնաժողովում քննարկվում էր կառավարության ներկայացրած «Տեղական տուրքերի ու վճարների մասին», «Աղբահանության մասին», «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Զեկուցում էր տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նրա խոսքով` հստակ սահմանվում են տուրք և վճար հասկացությունները:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը հարցրեց, թե ինչու է վճարովի կայանատեղիի կամ, այսպես կոչված, կարմիր գծերի համար գանձվող  գումարը համարվում վճար, չէ՞ որ վճարը ծառայություններ մատուցելու դիմաց է սահմանվում, մինչդեռ վճարովի կայանատեղիներում հասկանալի չէ, թե ինչ ծառայություն է մատուցվում և, առհասարակ, մատուցվում է, թե` ոչ:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ կարմիր գծերին կայանելու թույլտվության դիմաց է գանձվում վճար, հետևաբար, այն որպես վճար է սահմանվում: «Ինչ որ իմաստով` ծառայություն է մատուցվում»,- ասաց նա:

ՀՀԿ-ական Մնացական Մնացականյանը կատակեց, թե կարմիր գծերի վրայի ձյունն են մաքրում, երևի դա է ծառայություն մատուցելը:

Ստեփան Մարգարյանը չհամաձայնեց Տերտերյանի փաստարկների հետ` ասելով, որ եթե կարմիր գծերի տարածքում կայանելու դիմաց գանձումները չեն տեղավորվում «տուրք» հասկացության մեջ, ապա չեն տեղավորվում նաև «վճար» հասկացության մեջ: