Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ձկնորսության ու խեցգետնորսության արգելքի իրականացման համար հարկավոր են կամք և համախմբվածություն. լրագրողների հետ զրույցում ասաց բնապհապանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նա հույս հայտնեց, որ թե' համայնքի ղեկավարների, թե' երեք պետական մարմինների (բնապահպանության նախարարություն, ոստիկանություն, Գեղարքունիքի մարզպետարան) ակտիվ մասնակցությամբ հնարավոր կլինի եթե ոչ ամբողջությամբ վերացնել թերությունները, ապա շեշտակի փոփոխություն արձանագրել այդ ընթացքի մեջ, որը հնարավորություն կտա հետագա տարիներին, հաջորդ տարվա ընթացքում նոր վերանայումներ իրականացնել:
Ըստ նախարարի` այսօր Սևանը պատրաստ չէ արդյունագործական ձկնորսության, բայց որպեսզի հասնենք դրան, պետք է կարողանանք ղեկավարել գործընթացներն այնպես, որ ամեն անգամ չքննարկենք մի երևույթ, որը գրեթե բոլորը գիտեն, բոլորը տեսնում են, բայց քայլ չի կատարվում վիճակը բարելավելու ուղղությամբ:
«Խոսքը միայն ձկնորսության մասին չէ, խոսքն ամբողջ Սևանի ավազանի խնդիրների համար համապարփակ, մեկ հայեցակարգային լուծումներ տալու մասին է, այդ թվում` նաև տուրիզմի, հանգստի նոր գոտիների, տնտեսական գոտու վերաբերյալ հայեցակարգային մոտեցումներ: Սևանա լիճը ոչ միայն քաղցրահամ, ոչ միայն մեծ ջրային ավազան, այլև տնտեսական կարևոր նախաձեռնություն դիտարկելով` այն հաշվարկով, որ տնտեսական նախաձեռնությունը լինի բացառապես բնապահպանական ուղղվածության, կնպաստենք բնապահպանական խնդիրների լուծմանը»,- ասաց նախարարը:
Խոսելով այն մասին, թե ի՞նչ վիճակում է Սևանը` ձկնային մասով, նախարարը նշեց, որ ակնհայտ է` առաջընթաց կա, բայց այդ առաջընթացն իրեն չի բավարարում: «Եթե մենք այսօր դեռևս չունենք արդյունագործական մակարդակի ձկնապաշար, նշանակում է` մենք անելիքներ ունենք և պետք է այս ուղղությամբ կտրուկ գործողություններ ու քայլեր իրականացնենք: Խոսքը նաև խեցգետնորսության մասին է»,- ասաց Մինասյանը:
Ըստ նրա` ներկայիս համակարգը, որպես նախարար, գնահատում է անարդյունավետ, այսինքն` երբ նախարարությունը քվոտաներով բաշխում է կատարում, գրեթե անվերահսկելի գործընթաց է տեղի ունենում: «Բացի այդ` պետք է ասեմ, որ կա կոռուպցիոն հստակ ռիսկ, որը պետք է վերացնել, իսկ վերացնելու համար կարևոր դերակատարություն պետք է ունենան թե' «Սևան» ազգային պարկը` իր կառավարման նոր մոդելով, թե' մենք` պետական մարմինները»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ մինչև աշխատանքների իրականացումը պետք է արձանագրեն, թե ինչ խնդիրներ կան, որոնք են լուծումները, և պետք է նաև այլընտանքային լուծումներ կարողանան գտնել: «Մենք պետք է կարողանանք քննարկման առարկա դարձնել խնդիրների լուծման այլընտրանքային տարբերակները, որ կարողանանք հստակ պատասխան ունենալ` 10, 20, 30 տարի հետո ինչպիսի Սևան ենք ունենալու, ինչպիսի միջավայր ենք ձևավորելու, ինչ համայնքներ ենք ունենալու, որոնց եկամուտներն այնքան են, որ Սևանի վրա հավելյալ ճնշում, անօրինական ճնշում չլինի»,- ընդգծեց նախարարը:
Խոսելով լճում տարվող մաքրման աշխատանքների մասին` Մինասյանը նշեց, որ դրանք շարունակվում են, և 93 հեկտարից 60-ի մաքրման աշխատանքներն արդեն իրականացվել են: «Աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից հատկացված 125 մլն դրամի շրջանակում: Ներկայումս քննարկում ենք նոր, այլընտրանքային մոտեցումներ կիրառելու հարցը` ազգաբնակչության մասնակցությունը առափնյա շրջանների մաքրման աշխատանքներին, պետք է մի քանի այլ այլընտրանքային գաղափարներ էլ առաջ քաշենք: Այն հատվածներում, որտեղ հնարավոր է մաքրել, այդ հատվածներում ծառերի տեղափոխում կիրականացնենք, այլ ոչ թե կտրման աշխատանքներ»,- ասաց նա:
Մինասյանը նաև խոսեց լճի ափին գտնվող օբյեկտների հետ կապված խնդիրների մասին: «Օբյեկտների հարցը մի քիչ առանձնահատուկ է այն առումով, որ մենք ունենք գրեթե 2400 օբյեկտ, որոնք այսօր, ցավոք, Սևանա լիճ են մղում կեղտաջրեր` թե' ուղղակի և թե' անուղղակի կերպով, ինչը էականորեն վատթարացնում է նաև էկոլոգիական վիճակը: Նաև այս մասով պետք է լուծումներ առաջարկենք` ոչ միայն մեխանիկական մաքրման կայանների, այլ կենսաբանական մաքրման կայանների միջոցով, որպեսզի կարողանանք աստիճանաբար Սևանի ջրային որակը փոխել»,- ասաց նա` հավելելով, որ Սևանի խնդիրները իսկապես շատ են, շատ են եղել միշտ, բայց ներկայումս մենք այն շրջափուլում ենք, որ պետք է համակարգված ձևակերպենք խնդիրները, դրանց այլընտրանքային լուծման տարբերակները և ընտրենք ամենարդյունավետ մոտեցումները:
ՀԷԿ-երի մասին խոսելով` նախարարը նշեց, որ այս պահին շարունակում են խոր ուսումնասիրությունները: «Հիմնականում պրոբլեմը, այսպես կոչված, ձկների բնականոն վերարտադրման խոչընդոտումն է: Մյուս կողմից` առանձին ՀԷԿ-եր կան, որոնք գետային ավազաններում զբաղեցրել են գետերի բնական հուների 30 տոկոսից ավելին: Այդպիսի սահմանափակումը էկոլոգիական տեսակետից խնդրահարույց է: Մենք քնննարկում ենք տարբեր տիպի լուծումներ, այդ թվում` այնպիսիք, որոնք հնարավորություն կտան գետերին ինքնամաքրման պրոցես անցնելու: Գետերի և ՀԷԿ-երի առումով մենք կոնցեպտուալ խնդիր ունենք, և դա չի վերաբերում միայն Սևանի ավազանին, դա վերաբերում է հանրապետության գրեթե բոլոր գետային ավազաններին»,- նշեց նախարարը: